Հայ ռեժիսորի ֆիլմը միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել
Written by Ռադիո Հայ on 30th April 2024
Հայ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut International Women Film Festival) արժանացել է «Լավագույն կարճամետրաժ անիմացիա» մրցանակին։
Ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։ Անդրադարձ՝ Հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և փոքրահասակի հուզիչ ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ճանապարհին․․․