118 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» միջոցառումը

Written by on 14th May 2024

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:

Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:

«Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով մայիսի 18-ին իրենց դռները կբացեն հասարակության առջև: Մեկ անգամ ևս կվերահաստատվի թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման համատեքստում:

Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարանները հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background