Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական Արևորդի փառատոնում
Written by Ռադիո Հայ on 5th June 2024
Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։ Հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Փառատոնի շրջանակում մյուս անվանակարգերն ու հաղթողներն են․ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ, ֆիլմեր բնապահպանների մասին՝ «Իմ գողացված երկիրը», (ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա), կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին՝ «Թռչունների արքա», (ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան), ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին՝ «Վտանգը վերևից», (ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա)։
Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ «Բարձրանալով խորքից» ֆիլմի ռեժիսորը Մեթյու Ռիցն է։ Ֆիլմը լույս է սփռում օվկիանոսի խորքի և Երկրի վրա կյանքի պահպանման կապի կարևորության վրա: Վավերագրական ֆիլմը նաև հետևում է հանքարդյունաբերության ստարտափ «The Metals Company»-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 24-28-ը Երևանում կայացել է Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավոր հյուրեր և նրանց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 30 ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, գործել են մի քանի ակտիվ աշխատարաններ և ցուցահանդեսներ։ Մայիսի 28-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները և հայտարարվել հաղթող ֆիլմերը։