Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը

Written by on 16th August 2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»:

Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը՝ գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը, առանձնացնում են այն՝ որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածքի, բացի դրանից, այն ընդգրկված է ՀՀ մշակութային տարածքների ցանկում:

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):

«Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը» առանձնահատուկ է այն հանգամանքով, որ դրա իրականացմամբ համախմբվում են մի շարք միջազգային մշակութային ծրագրեր՝ նոր համագործակցությունների հնարավորություններ զարգացնելով միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես՝ համադրելով Սևծովյան տարածաշրջանի երկրների մշակութային ներուժը «Մշակութային ուղիների» հետ և խթանելով միջմշակութային երկխոսությունների նոր հարթակների ձևավորումն ու զարգացումը:

Բացի դրանից, փառատոնին կտրվի Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը։ Փառատոնի ընթացքում Արենի համայնքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար:

Փառատոնը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, արհեստների զարգացմանը, միջմշակութային երկխոսությանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Տեղեկացնենք, որ «Արհեստների միջազգային առաջին փառատոնը» մեկնարկել է 2022 թ. վարպետների քաղաք Գյումրիում, «Արհեստների միջազգային 2-րդ փառատոնը» տեղի է ունեցել 2024 թ. Դիլիջանում:

Նշենք նաև, որ 2023-2025 թթ. Հայաստանի Հանրապետությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Մշակույթի աշխատանքային խմբի համակարգողն է, ինչպես նաև ընդգծենք, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Գինու ուղիում»:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background