Տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը

Written by on 30th August 2024

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը: Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Փառատոնի յուրահատկություններից է բացումը, որի ընթացքում բոլոր խմբերը միասին ելույթ են ունենում միասնական երգով. այդ մոգական պահին, երբ մոտ 400 արտիստ բեմում է` իրենց տարազներով, բեմը ստանում է հայկական գորգի պատկեր, հյուսված միասնական ուժով: Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»:

Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև էժամանակակից մշակումների: Փառատոնի սկզբունքներից է նաև օգտագործել բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն: Գութանի նպատակն է նպաստել, ներդրում ունենալ հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում: «Գութան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող: «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background