Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը
Written by Ռադիո Հայ on 30th October 2024
Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում բացվել է «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: Քոչարը ներկայացված է նաև գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով:
Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:
Նշենք, որ Վարպետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում (Երևան), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։