Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի»-ի չի արժանացել. նույն անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին
Written by Ռադիո Հայ on 12th February 2019
Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությանը մասնակցում էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
«Գրեմմի»-ի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում Օրբելյանն առաջադրված էր Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ, սակայն մրցանակի չի արժանացել: Այդ անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ:
Մաեստորն ներկա է գտնվել մրցանակբաշխությանը և դեռևս չի վերադարձել Հայաստան: Հիշեցնենք, որ Օրբելյանը Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունից ստացել էր հունվարի 25-ից փետրվարի 8-ը Կաունաս մեկնելու հրավեր, այնուհետև փետրվարի 8-13-ը պետք է ԱՄՆ` Լոս Անջելես մեկներ մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու համար:
Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունն իրականացրել է հայտնի «Դելոս» ընկերությունը: «Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի, առավել ևս՝ Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ մաեստրո Կ․ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար», – ավելի վաղ գրել էին Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Աղբյուր՝ Armtimes