Թումանյանի հոբելյանին բազմաբնույթ ծրագրեր կիրականացվեն Հայաստանում և արտերկրում
Written by Ռադիո Հայ on 15th February 2019
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Լիբանանում, Իրանում, Վրաստանում:
Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Մեր ժողովուրդն անգիր գիտի Հովհաննես Թումանյանի մասին ամեն բան: Փոքրից մինչև ծերունի կարող են ներկայացնել Թումանյանի բանաստեղծությունները, մեջ բերել նրա խոսքերից, աֆորիզմներից: Հայությամբ լցված մի մեծ կերպար էր Թումանյանը, որը կարծես հայելի դրված է մեր ժողովրդի առջև՝ ցուցանելու նրա անցյալը բանահյուսական հզոր կտորներով, «Սասունցի Դավթի» մշակմամբ, քառյակներով: Նա նաև առանց որևէ սեթևեթանքի ասել է այն, ինչ մտածել է, հայության կացությունը ներկայացրել է գրավոր, բանավոր ձևով, անգամ լռությամբ»,-նշեց Միլիտոնյանը:
Նա հավելեց, որ Թումանյանը հզոր այրմամբ ստեղծում էր գրականություն` արտացոլելով մարդկային փոխհարաբերությունները, ազգամիջյան հարաբերությունները, նպաստում էր հայ գրականության, մշակույթի, ազգային ոգու տարածմանը: «Թումանյանը պետություն էր մեր անպետություն ժամանակներում»,-ընդգծեց միության նախագահը:
Անդրադառնալով Թումանյանի ծննդյանը նախորդող օրերին, փետրվարի 19-ին և ամբողջ տարվա ընթացքում անցկացվող միջոցառումներին` Միլիտոնյանը կրկնեց, որ դրանք տեղի կունենան ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:
«Արցախում` Ստեփանակերտում, Թումանյանի կերպարով կառքով շրջայց կիրականացվի: Այդ տարածքում կառքով զբոսնել է Թումանյանն ինքը: Այնտեղի Գ. Նարեկացի համալսարանում տեղի կունենա գիտաժողով`նվիրված մեծ բանաստեղծին: Հետաքրքիր է Թբիլիսիի ծրագիրը: Այնտեղ մեր հանրապետության տարբեր մշակութային միությունների աջակցությամբ փետրվարի 19-ին Թումանյանի տուն-թանգարանում կկայանա հանդիպում մտավորականների հետ:
Կանցկացվի նաև Գիրք նվիրելու օրվա ավանդական միջոցառում:
Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում բացվելու է գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը, «Թումանյանը մեզ հետ է» բանախոսություն կիրականացնի Սուսաննա Հովհաննիսյանը: Երեկոյան տեղի կունենա մեծ հանդիսություն Վրաստանի գրողների միության, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»,-նշեց Միլիտոնյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի բոլոր մարզերում գրական բաժանմունքների համագործակցության արդյունքում հանդիպումներ են կազմակերպվելու դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ գրողները խոսելու են Թումանյանի մասին:
«Փետրվարի 19-ին գրողների միության շենքի մոտ գրողները գրքեր կնվիրեն անցորդներին»,-եզրափակեց Միլիտոնյանը:
Աղբյուր՝ Armenpress.am