ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը «Դալանում»
Written by Ռադիո Հայ on 5th March 2019
Երևանի «Դալան» ցուցասրահում մարտի 3-ին բացվեց նկարիչ ԽաչԱրի (Խաչատրյան Արթուրի) նկարների ցուցահանդեսը: Այն ծրագրվել էր դեռ նախորդ տարի, բայց հետաձգվել էր նկարչի վաղաժամ մահվան պատճառով:
Փոքրիկ ցուցասրահում ներկայացված են ԽաչԱրի 300 կտավներից միայն 20-ը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 10-ը:
Նկարչի ուսանողական ընկեր, «Մինաս Ավետիսյան» կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովհաննես Մեծ-Գևորգյանի համար բացահայտում էր այս ցուցահանդեսը: Նա հիշեց, որ ժամանակին Արթուր Խաչատրյանի հետ աշխատում էին նույն արվեսատնոցում և ինչպես բոլորը, նկարում էին նատյուրմորտներ, գծանկար կամ գրաֆիկա: Այժմ արդեն ԽաչԱրի գործերում թռիչք է տեսնում: «Այսօր ինձ համար բացահայտում է: Նկարներ, որտեղ ես չէի պատկերացնում, որ Արթուրը իսկապես հասել է իր թռիչքին, այն տեղը, որտեղից հետո էլ չեն վերադառնում: Բրավո իրեն»,- ասաց նա:
ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով: Ինչպես ինքն է նշել, իրեն ոգեշնչողները ֆրանսիական իմպրեսիոնիստներն էին:
Արթուր Խաչատրյանն ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդես: Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում: