Երգազրույց | Նեմրա

Written by on 13th November 2019

Վերջերս նոր տեսահոլովակ, ամիսներ առաջ երկրորդ ստուդիական ալբոմ թողարկած, մշտապես ակտիվ ու հայ երաժշտասերներից շատերի սրտերը գրաված Նեմրա խումբն է «Երգազրույց»-ի հյուրը։ Ավելի կոնկրետ՝ զրույցին մասնակցել են վոկալիստ Վան Եղիազարյանը, կիթառահար Վասպուր Եղիազարյանն ու ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյանը (բարևներ հարվածայինի Մարեկ Զաբորսկուն

— Ո՞րն է Նեմրայի նպատակը։

Վան — Անել այն, ինչ սիրում ենք և երազել։ Երբեք չդադարել սիրել այն, ինչ սիրում ենք հիմա։

Վասպուր — Խումբը ստեղծվեց հենց այն ժամանակ, երբ Վանը սկսեց երգեր գրել և արդեն պարզ էր, որ պետք է խումբ հավաքենք։

Մարիաննա — Բացի դրանից, իհարկե, ունենք ստեղծագործելու և համախոհներ գտնելու նպատակ։ Շատ կարևոր է, որ մեր գրած երգերը մարդկանց պետք ու կարևոր լինեն։

— Ինչպես առաջացավ «Նարե» երգի վերամշակման գաղափարը։

Վան — Խմբի առաջին իսկ համերգներից մենք կենդանի տարբերակով միշտ կատարում էինք այս երգն, ու մարդիկ միշտ այն հավանում էին։ Հեղինակային երգերով երկու ստուդիական ալբոմների թողարկումից հետո որոշեցինք մեր հայկական արմատներին էլ անդրադառնալ:

— Ինչպե՞ս իրագործեցիք Ձեր առաջին հայալեզու երգի տեսահոլովակն ու ինչպե՞ս ընտրեցիք այն Նարեին, որի մասին այդքան երգում էիք։

Վան — Ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, ում հետ արդեն աշխատել էինք «Leave Me Alone» երգի տեսահոլովակի նկարահանման վրա, և այս անգամ նույնպես շատ հաճելի էր ընթացքը։ Հերոսուհուն՝ Յանային միասին ենք ընտրել։ Որոշեցինք բնության հետ մեկտեղել Նարեի հայեցի գեղեցկությունը: Նկարահանել ենք Ենոքավանի հանգստավայրերից մեկում։

— Երգի ստուդիական ձայնագրման տարբերակում կա ֆլեյտա և քանոն։ Արդյո՞ք դրանք հնչում են նաև կենդանի կատարման ժամանակ։

Մարիաննա — Կենդանի կատարումներում չեն եղել ֆլեյտա և քանոն, բայց միշտ մտածել ենք, որ այդ երգում կարող ենք թե՛ հայկական, թե՛ որևէ այլ գործիք սոլո հատվածով ավելացնել։ Մեր մտքերն ավելի նյութականացան երգի ձայնագրության ժամանակ և որոշեցինք, որ պետք է դիմենք ֆլեյտահարուհի Մարի Լալայանցին և քանոնահարուհի Մագա Պետրոսյանին։ Նրանք սիրով համաձայնեցին և արագ ձայնագրեցինք։

Վան — Շատ հետաքրքիր էր ֆլեյտայի ու քանոնի համադրությունը էլեկտրոկիթառի distortion-ի հետ։

Վասպուր — Բայց կենդանի տարբերակում էլեկտրոկիթառն է գերիշխում։

— Ամիսներ առաջ թողարկեցիք Ձեր երկրորդ ալբոմը, «Նարեն» անկախ սինգլ է։ Պահելո՞ւ եք այս ակտիվության մակարդակը եկող տարվա ընթացքում։

Վան — Մեզ մոտ այնպես է, որ գաղափարներն ավելի շատ են, քան ռեսուրսները։ Եթե մեզ մնար, մենք արդեն սեփական երգերով չորս-հինգ ալբոմ կթողարկեինք։ Մեր երկրում կան տեխնիկական, ֆինանսական և ժամանակային մի շարք խնդիրներ և այդ ընթացքը շատ է դանդաղում։ Տարվա վերջում նոր տեսահոլովակ ենք նկարահանելու, ինչպես նաև շատ ձայնագրություններ անելու։

— Վերջերս հայկական երգարվեստում հին երգերը նորովի մատուցելու տենդենց է ձևավորվել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա դրդապատճառը, արդյո՞ք վախենում են նորը ստեղծել և գնում են արդեն իսկ փորձված ճանապարհով։

Վան — Երբ ինչ-որ բան սկսում է աշխատել, մարդիկ այդ հեշտ ստացվողն են փորձում մատուցել։ Ժամանակին ռաբիսն էր, կլկլացնում էին բոլորը․․․

Վասպուր․․․ հիմա ռաբիսը մի՜ քիչ  արդեն ամոթ է․․․

Վան․․․ ու հիմա մոդեռն ռաբիս են ներկայացնում։

Մարիաննա — Երբ նոր էինք սկսում խմբի գործունեությունը, մենք ունեինք հայկական մի քանի երգերի մի քանի մշակումներ, բայց ժամանակի ընթացքում հեղինակային երգերի գաղափարները գնալով աճեցին։ Համերգով երկրից դուրս գնալիս պետք է հայերենով, հայկական երգեր ներկայացնել։

Վան — Մենք շատ դեմ ենք հեղինակային երգերն և քավր տարբերակները մի հարթության վրա դնելուն, դրանք լիովին այլ բնագավառներ են։  Մենք ընտրում ենք այն ժողովրդական երգերը, որոնք շատ չարչարված չեն։ Օրինակ՝ «Նարեն» հիմա շատ են երգում, բայց 2012 թվականին, երբ մենք նվագում էինք, դա այդքան էլ հայտնի չէր։

Նեմրա խմբին շատ են առաջարկել սկզբում քավրներ անել ու առաջ գնալ, սակայն, ինչպես իրենք են նշում՝ իրենց պնդաճակատությամբ շարունակեցին ու առաջ գնացին։

— Խնդիրներից խոսեցիք նշեք այն խնդիրները, որոնց մինչ օրս բախվում եք որպես երաժշտական կոլեկտիվ և ինչպիսի խնդիրների կարող են բախվել նորաստեղծ խմբերը։

Վան — Նորաստեղծ խմբերի համար շատ դժվար է փորձատեղ գտնելը կամ ավագ սերնդի արտիստների կողմից ընդունվելը, այդքան էլ սրտամոտ չեն․․․

Մարիաննա — Ստուդիաներն են դժվար հասանելի, ձայնագրությունները՝ թանկ հաճույք։

Վասպուր — Մենք էլ դժվար ճանապարհ անցանք՝ տարվա մեջ հասցնելով ընդամենը մեկ երգ ձայնագրել։

Մարիաննա — Տեսահոլովակների առումով էլ է դժվար, որովհետև միջազգային ստանդարտներին համապատասխան տեսանյութ ստանալու համար լավ տեխնիկա է պետք։

Վան — Մեզ շատ են առաջարկել մեր պրոդյուսերը դառնալ այն պայմանով, որ մի քիչ հայկականաֆիկացվենք, բայց եթե ցանկանայինք, ինքներս լավ գիտենք հեշտ ճանապարհները։ Մեզ շատ հաճելի է անել այն, ինչ սիրում ենք, այլ ոչ թե գումար աշխատենք՝ անելով այն, ինչ չենք սիրում։

Խմբի անդամները հիշատակեցին իրենց բազմաթիվ ընկերներին, ովքեր միշտ օգնել և օգնում են տարբեր հարցերում, իսկ Վասպուրը հավելեց, որ շատերը կարծում են՝ իրենք պրոդյուսեր ունեն, սոցիալական մեդիա մարքեթինգի մենեջեր։ Իրականում՝ ոչ, չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, խումբը լիովին ինդի է (անգլ՝ indie/independent –  անկախ)։

— Նեմրան երեկ, նեմրան այսօր, նեմրան վաղը։ Կարծիքնե՞ր։

Վան — Ես անցյալում ավելի ինքավստահ էի, քան հիմա, մի գուցե պատասխանատվության մեծացումից է, չգիտեմ։ Ես վստահ եմ, որ ճիշտ բան ենք անում, բայց երբ նոր էինք սկսում, ինձ թվում էր, որ մենք միջազգային դեմքեր ենք։ Կարծում եմ՝ բոլոր նորաստեղծ խմբերն էլ ժամանակի ընթացքում հասկանում են, որ իրենք իրենց տեղն են զբաղեցնում։

Վասպուր — Մենք մի փուլում ենք, որ դեռ շատ պետք է աճենք։ Մեր մոտիվացիան ոչ թե հայտնի լինելն է, այլ երգ գրելն ու համերգներին հավեսներս հանելն է։

Մարիաննա — Առաջ մենք երազող էինք, հիմա գործող, իսկ թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա։

— Կարծես սովորույթ է դառնում զրույցի վերջում ընթերցողներին փլեյլիստ տալը։ Որո՞նք են այն երգերը, որոնք վերջերս շատ եք լսում։

Վասպուր — Երբ գնացել էինք «Tbilisi Open Air», մոտիկից տեսա ու լսեցի Franz Ferdinand խումբը, էլ ավելի խորը սկսեցի ուսումնասիրել իրենց, և շատ հաճախ իրենց եմ լսում վերջերս։

Վան — Շոտլանդական ռոք խմբերից կնշեմ, օրինակ՝ Travis։

ՄարիաննաԼեոնարդ Քոհենի հետմահու թողարկված նոր «Happens To The Heart» երգը։

 

Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background