Երգազրույց | Bazarian
Written by Ռադիո Հայ on 20th May 2020
«Երգազրույց»-ի հյուրը ուշադրության արժանի, տաղանդավոր Արմեն Բազարյանն է։ Նա Տորոնտոյում ծնված ու ստեղծագործող երգիչ է, մուլտիինստրումենտալիստ, երգահան և պրոդյուսեր, ով համոզված է՝ միայն լափթոփը հերիք է երաժշտություն ստեղծելու համար։ Արմենը թողարկել է 2 մինի ալբոմ, հեղինակել է տարբեր ֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի երաժշտություն։ Այժմ աշխատում է իր նոր՝ Bazarian նախագծի վրա, նոր ալբոմը լույս կտեսնի հաջորդ ամիս։
— Ի՞նչ մարտահրավերներ ունի ինդի արտիստը։ Ինչպե՞ս նա կարող է նկատվել երաժշտասերների կողմից։
Ես դեռ փորձում եմ դա հասկանալ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր ու սրտից եկող արվեստ ստեղծելն է։ Իմ գրած երաժշտությունն անկեղծ է, և լսողները դրա առկայությունը զգում են։
— Հայաստանում քչերը գիտեն Ձեր մասին, այստեղ որևէ գործունեություն ծավալե՞լ եք։
Երևանում էի անցյալ ամառ, ԹՈՒՄՈ-ում «Երաժշտության արտադրություն» դասընթացն էի վարում, որը պետք է տևեր մեկ ամիս, բայց ավարտելուց հետո որոշեցի ևս վեց ամիս մնալ Երևանում։ Բնակարան վարձեցի, փոքր ստուդիա սարքեցի, որտեղ ամեն օր երաժշտություն էի գրում։ Շատ պրոդուկտիվ ժամանակաշրջան էր ինձ համար։ Օրվա ընթացքում գրում էի, իսկ գիշերները դուրս գալիս։ Զգում էի, որ այդ ժամանակ ծնվում էր Երևանի էլեկտրոնային երաժշտության ոլորտն, ու շատ հաճելի էր հենց այդ պահին գտնվել Երևանում․ նոր դիջեյներ, նոր ակումբեր, նոր երաժիշտներ․․․
— Ի՞նչպես ընթացավ ԹՈՒՄՈ-ի դասընթացը, ի՞նչ արդյունքներ գրանցեցիք։
Շատ հաճելի ժամանակ եմ անցկացրել։ Ամենահավես, հետաքրքիր ու դրական բանը դա երեխաների հետ աշխատելն էր։ Ես ճիշտն ասած չգիտեի, որ իմ դասարանում կարող են այդքան բարձր մակարդակի երաժշտությամբ զբաղվողներ լինել։ Կային նաև երեխաներ, որոնք նոր էին սկսում, և ես ամեն կերպ փորձում էի օգնել իրենց։ Իմ վորքշոփը հիմնված էր այն գաղափարի վրա, որ պարտադիր չէ ունենալ ամենաթանկ երաժշտական կամ տեխնոլոգիական սարքավորումները, շատ հեշտ ձևով կարելի է երաժշտություն ստեղծել սեփական բջջայինով ձայնագրած ձայներից։ ԹՈՒՄՈ-ի շենքում մենք տարբեր ձայներ ենք ձայնագրել՝ դռների, զուգարանի, պատերին հարվածների, աթոռներ շարժելու, դրսում՝ թռչունների, բնության։ Հետո այդ բոլոր ձայները բերել ենք մեր հետ ստուդիա ու դրանցից երաժշտություն սարքել։ Ես փորձում էի ցույց տալ, որ ձայնի հետ մանիպուլյացիաներ անելը շատ հետաքրքիր է և որ հնարավորությունները անսահման են։
— Այն ինչ ասում եք, շատ դրական ու մեծ ոգևորություն կարող է արթնացնել սկսնակ երաժիշտների մոտ։ Բայց կա կարծիք, որ Հայաստանում լավ ժամանակակից երաժշտություն դժվար է արտադրել, համաձա՞յն եք։
Իմ երաժշտական գործունեության մեջ երկու հիմնական սկզբունք կա՝ համառություն և կարգապահություն: Շատ կարևոր է, որ մի բանը, որով զբաղվում ես, անես պարբերաբար, թեկուզ օրվա մեջ մեկ ժամ։ Նույնիսկ այն օրերին, երբ ես հավես չունեմ, միևնույնն է փորձում եմ մի բան անել, արտադրել, որ այդ «հյութերն» անընդհատ շրջանառվեն, աշխատեն։ Կարծում եմ, որ կապ չունի՝ որտեղ ես ապրում, ինչ տարիքի ես, ինչ ժանրի երաժշտություն ես ստեղծում, կարևորը քո արվեստին ժամանակ տաս ու դարձնես քո կյանքի կարևոր մասերից մեկը։
— Ձգտո՞ւմ եք ավելի հայտնի լինելու։ Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա պատրաստվում իրագործել։
Կասեի հա, դա դանդաղ գործընթաց է։ Ես ունեմ մենեջեր, ում օգնությամբ մոտ երկու տարվա ծրագիր ենք մշակել, որը հունվարից ի վեր իրականացնում ենք, գիտենք, թե ամեն ամիս ինչ ենք անելու, ինչ երգ, ինչ հոլովակ է դուրս գալու։ Դա շատ է օգնում ինչ-որ կերպ իմանալու, թե ինչի ես ձգտում։
— Իսկ ծրագրերի մեջ Հայաստանը մտնու՞մ է։
Կորոնավիրուսից առաջ ծրագրել էի այս ամառ վերադառնալ Հայաստան ու կես կամ մեկ տարի մնալ։ Իրավիճակի լավացման դեպքում անպայման գալու եմ։
Երբ Արմենը Հայաստանում էր, իր երգերը նվագում ու DJ-ություն էր անում «Embassy» ակումբում, որի տերերը, ինչպես ինքն է ասում, շատ հյուրընկալ էին։ Տորոնտոյում համերգների հաճախականությունը բավականին մեծ էր, ամիսը մի քանի անգամ։
— Ունեցել եք Armen at the Bazaar նախագիծը, որով որոշակի հաջողությունների և ուշադրության եք արժանացել, ավելի մանրամասն կպատմե՞ք դրա մասին։
Միակ տարբերությունը Armen at the Bazaar-ի ու Bazarian-ի միջև այն է, որ առաջինն ավելի օրգանիկ ու ակուստիկ ձայների սինթեզ էր, իսկ երկրորդը՝ ավելի էլեկտրոնային։ Բայց երկուսում էլ միայն ես եմ ու երկուսում էլ օգտագործում եմ «looping» տեխնիկան․ ես բեմի վրա ինչ-որ բան եմ ձայնագրում, որի վրա աստիճանաբար տարբեր շերտերով ձայներ եմ ավելացնում։
— Հերթը սպասվող EP-ինն է (մինի ալբոմինը)․․․
Ալբոմը կոչվում է «Sight Lines», որի թեման է խելացնորությունը, մեկուսացումն ու անջատումը։ Այն ներկայացված է էլեկտրոնային ձայների հարուստ գունապնակով․ թեմաները տխուր ու դեպրեսիվ են, երաժշտությունը՝ գունավոր։ Ես երաժշտությամբ սկսել եմ զբաղվել փոքրուց՝ երգչախմբում երգելով, և այս ալբոմում այդ երգչախմբային շրջապատող սկզբունքը մնացել է․ հիմնական սաունդն իմ ձայնն է, որը շրջապատված է տարբեր ձայնային սինթեզներով։
Զրույցի վերջում Արմեն Բազարյանն ասաց, որ տարօրինակ ժամանակերում ենք ապրում և բոլորին առողջություն ու հաջողություն մաղթեց․ «Այս ընթացքում ես ավելի եմ խորացել իմ երաժշտության մեջ և հույս ունեմ, որ մյուսների համար էլ է ստեղծարարական ժամանակաշրջան»։
Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը