Երգազրույց | Empyray

Written by on 16th October 2019

Մի քանի ամիս դադարից հետո Ռադիո Հայը վերսկսում է իր «Երգազրույցների» շարքը, որի հյուրերն են Empyray (Էմփիրեյ) սիրված ռոք խմբի հիմնադիր, կիթառիստ Կարեն Արզումանյանը, դաշնակահարուհի Գիսանե Պալյանն ու խմբի նոր անդամ, վոկալիստ Էմիլ Խոսրովյանը։ Զրույցը ծավալվել է խմբի նոր կազմի, սինգլի և ապագա գործունեության շուրջ։

Հայկական Empyray խմբին են միացել վոկալիստ Էմիլ Խոսրովյանը և հարվածային գործիք նվագող Համլետ Գրիգորյանը։

— Ինչո՞վ էին պայմանավորված փոփոխությունները։

Կարեն — Մոտավորապես մեկ տարուց ավել խումբը գրեթե չէր գործում, իսկ վեց տարի առաջ Սարգիսը լքեց Հայաստանը։ Վոկալիստի խնդիր միշտ ունեինք, մի քանի անգամ փոխել ենք։ Հիմա Էմփիրեյ ընտանիքի կազմը համալրվեց։

— Ի՞նչ սկզբունքով կայացավ նոր անդամների ընտրությունը։

Կարեն — Տղերքը երկուսն էլ Perfect Legacy խմբից էին, որը բավականին հայտնի է եղել ռոք շրջանակներում։ Այնպես ստացվեց, որ իրենց խումբը դադարեց իր գործունեությունը․․․

Գիսանե — ․․․ իսկ մեզ մոտ վոկալիստի ու հարվածային նվագողի թափուր տեղ կար։ Շատ կարևոր էր, որ տղաները մոտ տասը տարի իրենց խմբով արդեն ծավալել էին համերգային գործունեություն, ծանոթ էին բեմին և այնպես ստացվեց, որ միացան մեզ։ Վոկալիստ գտնելն իրականում շատ ավելի բարդ է, քան թվում է, մանավանդ ռոք խմբի համար․ Հայաատանում որակով ռոք վոկալիստները շատ չեն, որոնցից կարող ես ընտրություն կատարել։ Մենք մի քանի անհաջող փորձեր ունեցանք՝ աշխատանքային անհամապատասխանությունների պատճառով։

Երգիչը խմբի ֆրոնտմենն է, ամենակարևոր օղակը, ի դեմս Էմիլի, մենք գտանք այդ մարդուն։ Թե՛ իր վոկալային տվյալներով, թե՛ մարդկային տեսակով, թե՛ գաղափարախոսությամբ լիովին մեզ համապատասխանում էր։ Մեր նոր անդամները շատ սահուն կերպով ինտեգրվեցին խմբին։

— Չեմ ուզում համեմատել, բայց առաջին անգամ լսելիս ակնհայտ նմանություններ նկատեցի Էմիլի և Սարգիսի ձայների միջև։

Գիսանե — Մենք իսկապես նմանություն չէինք ուզում, որովհետև Սարգիսը Սարգիսն է և ուզենք, թե չուզենք՝ համեմատություններ լինելու են։ Ցանկացած վոկալիստի հետ, Էմիլի հետ նույնպես, խումբ է գալիս մի նոր գույն։

Էմիլ — Իմ կարծիքով այստեղ ոչ թե ավելի շատ ձայնի նմանությունն է, այլ այն փաստը, որ ես փոքր տարիքից սիրել եմ ռոք մյուզիք, իսկ Էմփիրեյը եղել է իմ ամենասիրած խմբերից մեկը։ Միշտ փորձել եմ նմանակել, երգերը անգիր իմացել եմ, և ինտեգրումս շատ հեշտ ստացվեց, որովհետև գիտեի բոլոր երգերը, տոնայնությունը․․․

— Խումբը նոր կազմով առաջին անգամ ելույթ ունեցավ «Armenia in Rock» փառատոնին․․․

Էմիլ — Այո, դա շատ շատ կարևոր համերգ էր, շնորհակալ ենք կազմակերպիչներին, լավ կլինի, որ այն ամենամյա դառնա։

Գիսանե — Մենք բոլորս էլ գոհ ենք այդ ելույթից, չնայած տեխնիկական հարցեր եղան․․․

Կարեն — ․․․ ու միանգամից մեծ բեմ, դա մի կողմից վտանգավոր է, մի կողմից էլ շատ լավ, որովհետև միանգամից ընկնում ես․․․

Գիսանե — ․․․ կիզակետի մեջ։

Կարեն — Հանդիսատեսը շատ լավ, բնական ու ջերմ ընդունեց նոր կազմը։

Գիսանե — Այստեղ էմիլի դերը շատ մեծ էր, և մտածում էինք՝ ներկայացնել նոր կազմը, թե ոչ։ Մինչև բեմի վրա դա քննարկում էինք, զգացինք, որ Էմիլը մասսային իրենով էր արել, գոռացնում էր՝ աջը, հետո՝ ձախը, որոշեցինք միանգամից նվագել։

— Ասացիք՝ փոքր ժամանակվանից երկրպագել եք Էմփիրեյին։ Ինչպիսի՞ն էին Ձեր զգացողոթյունները, երբ անդերգրաունդ խմբի մենակատարից դարձաք այնպիսի բենդի վոկալիստ, որը լինելով ռոք, միևնույն ժամանակ փոփ է (այսինքն՝ հայտնի ու սիրված)։

Էմիլ — Դա մի բան է, որի մասին նույնիսկ չէի էլ երազում։ Սկզբում էմոցիոնալ վիճակը շոկային էր, որովհետև միշտ ուզեցել եմ այդ մարդկանց մոտիկից տեսնել, իսկ հիմա նրանք ինձ ասում են՝ արի միասինք երգենք։ Երկրորդ-երրորդ հանդիպումից հետո արդեն ինձ սկսեցի Էմփիրեյի մեծ ու շքեղ ընտանիքի մի մասնիկը զգալ։ Ինտեգրումը իրենց շնորհիվ շատ արագ ու շատ հեշտ ստացվեց։

Գիսանե — Մենք դեռ փետրվարից մեր ուժերը միավորելու պայմանավորվածություն ունենք, բայց պահը հիմա հասունացավ։ Տղաներին ծանոթացնում էինք մեր աշխարհի հետ, փորձեր, ձայնագրություններ անում, մարզվում։ Շատ ուրախ եմ, որ Էմիլի ու Համլետի (հարվածային) հետ ենք, նրանք միշտ մեզ դիվադադար են անում՝ այս անենք, այն անենք․ ամեն մեկը խումբն ու հաջողությունն իրենն է համարում։

— Սովորաբար այս հարցը ամենասկզբում եմ տալիս, բայց այս անգամ պահը նոր հասունացավ։ Ո՞րն է Էմփիրեյի նպատակը, փիլիսոփայությունը։

Գիսանե – Երկու բառով կարելի է նկարագրել այսպես՝ պարզություն (հասանելիություն) և խորություն։ Պարզ խոսքով ու հասանելի երաժշտությամբ դու ասում ես քո խորը միտքը։ Երգերի խոսքերի հիմնական հեղինակը ես եմ և միշտ մտածել եմ, որ դրանց մեջ իմաստ պետք է լինի, իսկ երաժշտությամբ հիմնականում Կարենն է զբաղվում, բայց մեր մտածողությունը խաչվում է։ Դրանք հիմնականում մարդու հետ կապված մտքերն են, չպարտվելու, ուժեղ լինելու, սիրային թեմայով նույնպես։

Խումբը մշտապես իր երաժշտության մեջ արտահայտել է հայ ժամանակակից ազգի ոգին, արտացոլել այնպիսի դեպքեր, ինչպիսին է օրինակ մարտի մեկը։ Վերջինիս նվիրված երգը կոչվում է «Հուր է»։

Բացի խմբի նոր անդամներից զրույցի կարևոր օղակներից մեկը նոր «Անպարտելին» վերնագրով սինգլն է։

Գիսանե — Ես սկզբում այն գրելիս մտածում էի, որ մի անձի պատմություն է, բայց ընթացքում դարձավ ողջ հայ ժողովրդի մասին։ Մենք հայրենասեր ենք և մեր մասով՝ երաժշտությամբ փորձել ենք ինքնաարտահայտվել։

«Անպարտելին» երգի սկզբում օգտագործվել է խոսք, որը վերցված է Հայաստանի հեղափոխության մասին BBC-ի ռեպորտաժներից։

— Նոր երգով պարզ է դառնում, որ հնչողության առումով շատ մեծ փոփոխություններ չեն եղել, բայց հնարավո՞ր է էքսպերիմենտներ սպասվեն։

Կարեն — Մեծամասնությամբ նույնն է լինելու, մենք այս ձևին երկար տարիներ փորձեր անելուց հետո ենք եկել ու գտել, որ մերն է։ Տարիների ընթացքում այն ոչ մեկն իրենով չարեց, և մենք վերադարձել ենք մեր իսկ տեղը զբաղեցնելու։ Նոր լիդ-վոկալն արդեն իսկ փոփոխություն է։

— Ձեր խմբի վերջին երկու անդամները լքել են Հայաստանը։ Արդյո՞ք երաժիշտների ապագան մեր երկրում անորոշ է, և արդյո՞ք նրանք շարունակում են երաժշտությամբ զբաղվել երկրից դուրս։

Կարեն — Երաժիշտը նախևառաջ մարդ է իր խնդիրներով։ Սարգիսը վեց տարի առաջ գնաց և անգամ երկու տարի առաջ մենք չէինք կարծում, որ ժողովուրդը կարող է միասնական դառնալ ու փոխել ամեն ինչ։ Իսկ մենք մնում ենք։

Գիսանե — Էմփիրեյը մեր չորրորդ երեխան է։ Եթե որևէ ճգնաժամ է լինում դրա ներսում, պետք է լուծել, դուրս գալ իրավիճակից։ Իսկ մյուսներն ունեն իրենց սոցիալական հարցերը, որոնք դրդում են գնալ ավելի բարենպաստ պայմաններում ապրելու։ Մենք լքելու  տարբերակը չենք դիտարկել։

Ընդհանրապես, Հայաստանում գրեթե բոլոր երաժիշտները նվիրյալներ են, նրանք, ովքեր արվեստով են զբաղված, և շահադիտական նպատակներ չեն հետապնդում։ Իհարկե կան նաև նրանք, ում համար երաժշտությունը արհեստ է։

— Ե՞րբ կթողարկվի երգի տեսահալովակն ու ի՞նչ վիզուալ կոմպոնենտի սպասենք։

Կարեն — Այս երգի վրա ուզում ենք երկար ֆիքսվել, ուշադրություն գրավել, որովհետև կարծում ենք՝ ասելիքը շատ կարևոր է։ Տեսահոլովակի նկարահանման օրն արդեն որոշված է, իսկ կոմպոնենտի առումով պահպանում ենք «պարզ, բայց խորը» բանաձևը։

— Կա՞ ալբոմի կոնցեպտ

Կարեն — Փետրվարից ձայնագրել ենք երեք երգ, որոնցից հետո արդեն գնում ենք դեպի ալբոմ։

Empiray խմբի նոր «Անպարտելին» երգն այս պահին պտտվում է Հայաստանի մի քանի ռադիոկայաններով, այդ թվում, իհարկե, Ռադիո Հայով, իսկ մասսայական տարածումը կլինի տեսահոլովակից հետո։

 

Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST