Երգազրույց | Գոռ Սուջյան և Հայկ Գասպարյան (Project LA)

Written by on 28th February 2019

«Ռադիո Հայց Ցանց»-ի նորաստեղծ «Երգազրույց» նախագծի առաջին հյուրերն են Project LA-ի երգիչներից Գոռ Սուջյանն ու գործիքավորող Հայկ Գասպարյանը։

«Երգազրույց» նախագծի շրջանակներում մենք հյուրընկալելու ենք երաժշտության հետ կապ ունեցող ամենատարբեր մարդկանց՝ պրոֆեսիոնալների և սկսնակների, որոնց հետ խոսակցության թեման լինելու է միայն ու միայն երաժշտությունը։

Project LA-ի տղաների հետ զրույցը սկսեցինք մի շատ կարևոր հարցով․

— Ո՞րն է Project LA-ի նպատակը։

Գոռ — Այս հարցին ավելի կոնկրետ հենց LA-ը՝ Լևոն Արևշատյանը կպատասխանի, բայց ինչքանով ես եմ հասկանում՝ այն բանաստեղծությունները, որոնք շատերի համար մոռացվել էին, հիմա նոր կերպով ու շնչով են մատուցվում․ երաժշտությունն օգնում է խոսքին գամվել սրտիդ մեջ և երբեք դուրս չգալ։ Ամենամեծ նպատակը մնայուն արժեքներ ստեղծել է։

— Ի՞նչ սկզբունքով են ընտրվում այդ բանաստեղծությունները։

Հայկ — Ընտրությունը կատարում է Լևոնը՝ մեզ ուղարկելով ստեղծագործությունների իր նվագած և իր ձայնով երգած տարբերակները։

— Դուք ստեղծում եք իսկական գործիքներով կենդանի երաժշտություն, արդյո՞ք դա հեշտ է պահպանել էլեկտրոնային երաժշտության մեր ժամանակներում։

Հայկ — Դա հեշտ չէ, այլ շատ ավելի ծախսատար է, բայց ամեն դեպքում մարդու ձեռքը չի կարող փոխարինել սեմպլերին։

Գոռ —  Իմ կարծիքով սեմպլերը պետք է օգտագործես միայն որպես սեմպլերի սաունդ, քանի որ ջութակ ձայնագրելուց ավելի լավ է իսկական ջութակ ձայնագրել։ Սեմպլեր օգտագործելու մեջ աղետ չկա, կարևոր է, թե ինչպես ես այն օգտագործում։

Գործիքավորողն էլ ավելի մանրամասն բացատրեց երաժշտաստեղծման գործընթացը, ասելով, որ մինչ ձայնագրման փուլը, գործիքավորումը կատարվում է սեմպլերների միջոցով։ Եթե երաժշտությունից չհասկացող մարդուն տաս սեմպլերը, նա չի հասկանա, որ դրանք իսկական գործիքներ չեն, հետո կենդանին դնես, կրկին չի հասկանա, որ դա կենդանին էր, բայց հնչողության առումով կընտրի կենդանին։ Ինչպես օրինակ՝ մարդիկ կան, որ .wav ձևաչափը լսելով չեն տարբերում .mp3-ից, մինչև չես հարցնում, թե ինչն է պետք լսել։ Երևի կենտրոնանում են բառերի, այլ ոչ թե դինամիկայի վրա։

— Ի՞նչ պայմաններում են ձայնագրվում գործիքները։

Հայկ — Կախված է ձայնագրվող գործիքից։ Ջութակների համար ունենք նախընտրած մի ստուդիա, վոկալի դեպքում՝ մեկ այլ, բայց յուրաքանչյուր ստուդիա գնալուց մենք տանում ենք մեր սեփական տեխնիկան։ Երբ Գոռը ձայնագրվում է, մինչև տվյալ ստուդիայի համակարգչի մեջ հայտնվելը այն նախևառաջ անցնում  է մեր սարքերով, որոնք աշխարհում լեգենդ են։

Լեգենդար տեխնիկայից Հայկը նշեց «U47» մակնիշի բարձրախոսը, որը ստեղծվել է 1947 թվականին։ Այն օգտագործվել է այնպիսի աշխարհահռչակ արտիստների ձայնագրություններում, ինչպիսիք են Բիթլզ խումբը, ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը և այլն։

— Խոսեցինք ստուդիաներից․ Հայաստանում ստուդիաները համապատասխանո՞ւմ են միջազգային լավ ստանդարտներին։

Գոռ —  Նայած՝ ինչ նկատի ունեք միջազգային ստանդարտ ասելով։ Այստեղ հնարավոր է լավ պրոդուկտ ստանալ, ինչպես օրինակ՝ մեր վերջինը ալբոմը, որը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։

— Ի՞նչ է պակասում հայկական ժամանակակից երաժշտությանը։

Հայկ — Մարդիկ այսօր երգ են ստեղծում գումար աշխատելու համար։ Կարող է մի քիչ պաթոսային հնչել, բայց Project LA-ում չկա նման խնդիր, երգը ստեղծվում է պատմության մեջ անուն թողնելու, երիտասարդ սերնդի համար հայկական պոեզիան հեշտ ընկալելու, բացահայտելու համար։ Մեր նախագիծը շատ խնդիրներ է լուծում։

Գոռ —  Առհասարակ մեր երկրում «support» հասկացությունը չկա, հայերեն «աջակցել» համարժեքը չի փոխարինում այդ բառին։ Մարդիկ շատ են սիրում մեկը մյուսից բամբասել, փնփնթալ, ցածրացնել, այդ պահը չպետք է լինի, ամեն մարդ պետք է կենտրոնանա իր գործի վրա։ Մենք տաղանդի պակաս չունենք, ուղղակի մեզ հավաքվածություն է պետք։ Գումար վաստակել բոլորին է անհաժեշտ, բայց այսօր Հայաստանում կան շատ հարթակներ՝ ակումբներ, մրցույթներ, որոնք ինքնադրսևորվելու հնարավորություն են տալիս։

— Վերջում ասացիք հարթակների մասին՝ անդերգրաունդ վիճակի մեջ են, և, այնուամենայնիվ, մենք չունենք երաժշտաշուկա։

Գոռ —  Գիտեք, Հայաստանն այնքան փոքր է, եկեք ամբողջ երկրի մասշտաբով չնայենք, որովհետև Երևանից բացի մնացած տեղերում մարդիկ գոյատևում են և երաժշտության մասին չեն մտածում։ Իսկ Երևանը շատ փոքր է, որտեղ շատ են երաժիշտները, ուստի պետք է միշտ նույն մարդուն զարմացնես, ով կլսի և՛ սրան, և՛ նրան, դա շատ դժվար է։ Իմ կարծիքով՝ մեր նպատակը Հայաստանում մարքեթինգի զարգացումն է՝ ստեղծվեն լեյբլներ, որոնք կարտահանեն երաժշտությունը։

Ըստ Գոռի՝ այս դեպքում մարդիկ կկարողանան իրենց մեկ ալբոմով մեկ-երկու տարվա ընթացքում շրջագայության գնալ, որը չի հոգնեցնի ո՛չ իրենց, ո՛չ լսարանին։ Բայց այստեղ չես կարող այդ ամենն անել, սահմանափակվում ես Գյումրիով և Վանաձորով։

Տվյալ հարցի շուրջ հյուրերի տեսակետները նույնը չէին։

Հայկ — Մենք հայկական մեծ համայնքներ ունենք Ռուսաստանում, ԱՄն-ում և շատ այլ տեղերում։ Իմ կարծիքով՝ մեր խնդիրը գումար վաստակելու նպատակով երաժշտություն ստեղծելն է։

Գոռ —  Բայց մարդիկ պետք է գումար էլ աշխատեն չէ՞։

Հայկ — Դրան էլ ձև կա, հիմա կասեմ։ Ես շատ անգամ տեսել եմ, թե ինչպես են ասել՝ այս մարդը այսքան դիտում ունի, արի իմ երգի գործիքավորումն իր պես արա, կամ այս մեկի երգի պես գրի, որ «խփի»։ Այսինքն ի սկզբանե մարդու մոտիվացիան սխալ է։ Չես կարող փոքր շուկայում կրկնել որևէ մեկի արածն ու հաջողության հասնել։

— Անդրադարձաք մշակութային մենեջմենթին, որը մեր երկրում վատ վիճակում է։ Մենեջմենթով առաջին հերթին երևի պետք է զբաղվի մեդիան։ Որքանո՞վ է մեդիան դրանով զբաղվում թե՛ Ձեր, թե՛ այլ արտիստների հետ։

Հայկ — Մեդիան իր հերթին կոմերցիոն կազմակերպություն է, որը նախևառաջ անում է այն, ինչ իրեն գումար կբերի։ Այսօր Project LA-ը համարվում է հաջողված նախագիծ, բայց ուղիղ չորս տարի առաջ մեր շատ որակով գործերին ոչ ոք չէր անդրադառնում, որովհետև դա անգլալեզու էր, կոմերցիոն չէր, ո՞վ պետք է լսեր, դրա հաշվին չէին կարող գովազդ վաճառել և դիտող հավաքել։ Իսկ այսօր շատացել են առաջարկները, որովհետև Project LA-ը զուտ YouTube-ի հաշվին առաջ է գնացել։

Հայկը կարծում է, որ մեդիաները չեն հասկանում,՝ ճիշտ աշխատելու դեպքում յուրաքանչյուր մարդ կարող  էստեղծել իր մեդիան՝ YouTube, Facebook, Instagram։ Երբ դու սկսնակ ես, մեդիան քեզ առաջ տանելու, քեզանից պրոդուկտ ստանալու և գովազդ վաճառելու համար ոչինչ չի անում, այն միանգամից պատրաստի նյութն է վերցնում, որ իր իսկ հաշվին է հայտնի դառել։ Դա երևի գալիս է հենց մեդիաներում աշխատող մարդկանցից։

Գոռ —  Մեդիայում պետք է շատ մեծ դեր խաղա դաստիարակություն հասկացողությունը, եթե երաժշտությունից ենք խոսում, ապա պետք է որակյալ երաժշտություն քարոզի, որպեսզի մարդիկ հասկանան՝ երաժշտությունը շատ բարձր բան է և դրան պետք է պատվել։ Հայաստանում դա մի քիչ ուրիշ կերպ է ընկալվում, ինչը հենց մեդիայի պատճառով է։ Մարդկանց ոչ թե հետաքրքրում է, թե դու ինչ ես նվագում կամ անում բեմի վրա, այլ մտածում են՝ մի բան անես, որ իրենք պարեն ու զվարճանան, կամ լավ նվագես, որ սնունդը լավ մարսվի։

Զրույցի ընթացքում շոշափվեցին ինչպես տեխնիկական, այնպես էլ մի շարք լուրջ խնդիրներ, որոնք, հույս ունենք, ապագայում կստանան իրենց լուծումները։

 

Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background