Երգազրույց | Էլեկտրոնային երաժշտություն (Dale, Leon Gris, Deep Danny)

Written by on 7th March 2019

«Երգազրույց» նախագիծը շարունակում է ընդլայնել երաժշտության մեջ իր սուզումների շարքը և այս անգամ Ձեզ է ներկայացնում էլեկտրոնային երաժշտության ֆենոմենը, առանձնահատկությունները՝ այդ ամենն իհարկե Հայաստանյան պրիզմայից։ Մեր զրուցակիցներն են Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանը (Dale), «Kitchen Recordings» երաժշտական լեյբլի հիմնադիրներ, Supacooks դուետի անդամներ Լևոն Դավթյանն (Leon Gris) ու Մանուկ Մանուկյանը (Deep Danny)։

Թեև որոշ հարցերի պատասխանները կարելի է գտնել համացանցից, սակայն մեզ հետաքրքիր էր նրանց կարծիքը, ուստի զրույցը սկսեցինք առաջին հայացքից պարզ թվացող հարցով։

— Ի՞նչ է էլեկտրոնային երաժշտությունը։ Ի՞նչ տարբերություն կա հաուս և թեքնո ենթաժանրերի միջև։

Լևոն — Էլեկտրոնային, սինթետիկ ձայներ ու գործիքներ սինթեզելով ստացվում է էլեկտրոնային երաժշտություն։ Իսկ հաուսի և թեքնոյի հիմքում եղել է դիսկո երաժշտությունը, որի վրա միքսել են առանձին բիթեր, տարրեր, փոխել տեմպն ու մի դեպքում դարձրել հաուս, մյուսում՝ թեքնո։

— Ի՞նչ կարգավիճակում է էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում։

Լևոն — Այն մի լավ, պրոգրեսիվ աճի փուլ է մտել։ Սկիզբը դրվել է Վարդանի տարիքի դիջեյների կողմից՝ երկրի հետ վերելքներ ու վայրէջներ ապրելով։

Վարդան — Վերջին հինգ տարում այդ վայրէջքները քիչ են եղել, հիմնականում ստաբիլ է, և աճն ավելի նկատելի է դառնում։ Մարդկանց վերաբերմունքը նույնպես փոխվում է․ եթե նախկինում այն նույնականացվում էր գիշերային, ցոփ ու շվայտ կյանքի, բարոյականությունով ոչ այնքան փայլող մարդկանց հետ, ապա այսօր երիտասարդներն ավելի բաց են։ Իհարկե թվարկված վատ բաները եղել են, բայց ակումբային կյանքը հիմնված չէր դրա վրա։ Մարդիկ, ովքեր սիրում են երաժշտությունը, ովքեր գիշերները չքնելով կազմակերպում էին միջոցառումները, հավատարիմ են մնացել այդ ամենին։ Դրանք բնական զարգացումներ են, որոնք կապված են երկրի զարգացման հետ։

Մանուկը նկատեց, որ հետաքրքրությունն իրոք մեծացել է, նշելով մեքենաներում հնչող էլեկտրոնային երաժշտության փաստը, որը, չնայած, ոչ միշտ է համապատասխանում նրա ճաշակին։

Մանուկ — Եթե առաջ կար այս երաժշտությամբ հետաքրքրված 500 մարդ, ապա այսօր միջոցառում կազմակերպելիս մենք փորձում ենք գտնել ավելի մեծ վայրեր, որ մարդիկ տեղավորվեն։ Ամեն անգամ նոր մարդկանց ենք տեսնում, ում չենք ճանաչել, իսկ այս ոլորտը շատ փոքր է, և կարելի ասել՝ մեկը մյուսին գիտեր։

— Ունկնդիրների շարքում նշեցիք միայն երիտասարդներին։ Ձեզ հենց նրա՞նք են լսում։

Վարդան — Կարծում եմ՝ նորմալ է, որ էլեկտրոնային երաժշտություն երիտասարդներն են լսում։ Այն ամբողջ աշխարհում զարգանում է որպես զվարճանքի տեսակ։

Մանուկ — Էլեկտրոնային երաժշտություն լսելու համար շատ ժամանակ անհրաժեշտ է նաև առողջություն։ Տարիքով մարդկանց համար խնդրահարույց է փառատոններին մասնակցելը, ակումբներ գնալը, որտեղ բարձր երաժշտություն է հնչում։

Հյուրերն իհարկե չսահմանափակվեցին պարային էլեկտրոնային երաժշտությամբ և նշեցին այնպիսի հանգիստ հնչողությամբ ենթաժանրեր, ինչպիսիք են՝ էմբիենթը (ambient), չիլ թրեփը (chill trap) և այլն, որոնք կարելի է լսել տան։

— Ի՞նչ պայմաններում են լսում էլեկտրոնային երաժշտությունը։

Վարդան — Իմ սերնդակիցներից շատ շատերը մեքենաներում են լսում, աշխատավայրում, սմարթֆոններով՝ արտասահմանյան ռադիոկայաններ են լսում, հնարավոր է նաև տանը։ Բայց շատերի համար դա ապրելաոճ է, ինչպես ջազ կլսեին, այնպես էլ էլեկտրոնային։ Եվ նրանք քիչ չեն իրականում։

— Ինչպիսի՞ն է լինել Հայաստանում հատուկենտ երաժշտական լեյբլերից մեկը։

Լևոն — Շատ հաճելի ու պարտավորեցնող։ Մենք Հայաստանն ամբողջ աշխարհին մեր երաժշտությամբ ու երաժիշտներով ներկայացնելու գործն ենք ստանձնել։

— Հայաստանում որքան հետաքրքրություն կա լեյբլի հանդեպ։

Մանուկ — Հաշվի առնելով այստեղի դիջեյների քանակը՝ այդքան էլ մեծ չէ, բայց տարեցտարի աճ է նկատվում։ Մի քանի տարվա ընթացքում Երևանից չորս արտիստ ենք թողարկել։

— Ի՞նչ հետաքրքիր համագործացկություններ եք ունեցել։

Լևոն — Մեզ նոր մակարդակի դուրս բերեց Supacooks-ի Անգլիայից ստացած առաջարկը հայտնի դիջեյ, պրոդյուսեր Փոլ Օքենֆոլդի կողմից, ով աշխատել է այնպիսի հայտնի արտիստի հետ, ինչպիսին Մադոննան է։ Առաջարկ ստացանք անելու երգչուհի Սոֆի Էլիս-Բեքսթորի թրեքերից մեկը ռեմիքսը։

Խոսք գնաց էլեկտրոնային երաժշտությանը պետական աջակցությունից, որի արդյունքում այն կարող է լուրջ ուժ դառնալ՝ երկրին եկամուտ ապահովելու և միջազգային հարթակ դուրս գալու համար։

Մանուկ — Այս հարցի շուրջ մենք միշտ Վրաստանի օրինակն ենք բերում, որտեղ վերջին տարիներին ահռելի զարգացում ապրեց ակումբային կյանքը։ Իրենց մոտ կա պետական աջակցություն ֆինանսական, օրինապահ մարմինների և ակումբային աշխատակիցների համագործակցության տեսքով։ Վերջին տարիներին Անակլիայում տեղի ունեցավ GEM Fest-ը (Georgian Electronic Music Festival), որին մենք էլ ենք մասնակցել նախանցյալ տարի, այն համարվում է պետական մասշտաբի միջոցառում։ Այնտեղ ելույթ են ունեցել համաշխարհային այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Մարտին Գարիքսը, Սոլոմոնը, Ինգրոսսոն․․․ Այս բոլոր արտիստները շատ գոհ են եղել փառատոնի կազմակերպումից, իրենց սոցիալական հաշիվներում նշել են հրաշալի հանդիսատեսի մասին, ինչի արդյունքում Վրաստանի հանդեպ ամբողջ աշխարհում հետաքրքրությունը մեծացել է։

— Խոսեցիք պետության աջակցության մասին իսկ դո՞ւք ինչ եք անում ձեր մասին նրանց մոտ հիշեցնելու և կապ հաստատելու համար։

Վարդան — Իրականում ոչինչ։ Մենք անում ենք միջոցառումներ և ի սկզբանե չենք ակնկալում նրանց օգնությունը։ Մի գուցե սխալ ենք անում, որ երկխոսություն չենք հաստատում, բայց նախկին կառավարության հետ ոչ մի խոսակցություն չէր էլ կարող լինել։ Հիմա այն փուլում ենք, որ ժամանակը չի մեզ անդրադառնալու, բայց միշտ իմաց ենք տալիս, որ մենք կանք ու աճում ենք։

Խոսակցությունը չքաղաքականացնելու համար Վարդանը շեշտեց, որ նրա կարծիքը հիմնված է զուտ մարդկանց տեսակի և նրանց երաժշտական նախասիրությունների վրա։

— Ի՞նչ տենդենցներ կան էլեկտրոնային երաժշտությունում։

Մանուկ — Մարդկությունը վաղուց ամեն ինչ արդեն բացահայտել է, և այժմ անցյալի վերարտադրությունն է ի հայտ գալիս։ Նոտաները սահմանափակ քանակով են և ուզես-չուզես մեղեդիները կրկնվելու են, տարբերությունը մատուցման, սաունդ դիզայնի տեսքով են։ Միջազգային շուկայում համար մեկը EDM-ն է, որից հետո մեյնտրիմ դարձող թեքնոն է և նոր մնացածը։ Այսօր տարրեր են օգտագործում հաուսից, թեքնոյից, ամբողջը միքսում են ու ստանում նոր բան, որին մենք ինքներս շատ ժամանակ չենք կարողանում որևէ ենթաժանրի դասել։

Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background