Երգազրույց | Որդան Կարմիր
Written by Ռադիո Հայ on 18th March 2019
«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրերին մանրամասն ներկայացնելու կարիք չկա։ Նրանց երգերը լսել ենք և լսում ենք շատերս, ուրախանում ենք ընդհանրապես նրանց գոյության ու հայկական ռոքի լավ ապագայի համար։ Խոսքը Որդան Կարմիրի մասին է։ Խմբից ներկայացել են մենակատար Վահան Պողոսյանը և հարվածային գործիքներ նվագող Պայքար Չախոյանը։
Այս հարցը արդեն տվել ենք մեկ այլ երաժշտական կոլեկտիվի, և դեռ շատերին կտանք․
— Ո՞րն է Որդան Կարմիրի նպատակը։
Վահան — Ինձ թվում է՝ ցանկացած խումբ իր ռոմանտիկ պատկերացումներում պետք է դառնա ամենաներից մեկը և դասվի ռոք պատմության լեգենդների շարքում։ Բայց երազանքների գիրկը չընկնենք, քանի որ մեր կարևորագույն նպատակը մարդկանց ոգևորելն է, որ նրանք նույնպես ստեղծագործեն։ Մեզ բազմաթիվ հայտնի խմբեր են ոգևորել՝ ոգևորության կայծ փոխանցելով, վերցնելով ու ջահի նման այն տանելով։ Այդ ջահը պետք է փոխանցենք։
— Այդ գաղափարը ամենակզբի՞ց է եղել։
Վահան — Որդան Կարմիրի ձևավորման առաջին իսկ օրվանից այդ զգացողությունը կար, չէինք խոսում դրա մասին, բայց կար։
— Անցնենք մեր սիրելի տեխնիկական հարցերին։ Արդյո՞ք դուք ունեք մենեջեր, թե խմբի անդամներով եք զբաղվում ամեն ինչով և որն է յուրաքանչյուրիդ գործառույթը։
Վահան — Հայաստանում ռոք ասպարեզում դեռ չի ձևավորվել մենեջեր ունենալու մշակույթը, քանի որ նման մարդիկ առաջանում են այնտեղ, որտեղ կա գումար։ Այսօր այդ անհրաժեշտ գումարը չկա։ Փոփի մեջ կան մենեջերներ, գործակալներ, պրոդյուսերներ, բայց ռոքում ինձ չի հանդիպել։ Մեր գործերով զբաղվում ենք ինքներս․ կոնտակտային անձն այս պահին ես եմ։ Չգիտեմ ոնց է լինում, բայց վոկալիստները միշտ այդ մասով ակտիվ են։ Բայց դա չի նշանակում, որ ես եմ ամեն ինչ որոշում։
— Ի՞նչն է ձեզ ոգեշնչում։
Պայքար — Անսպասելիությունը։ Կարող է երգի մշակման ընթացքում տասը բան փորձենք ու ոչինչ չստացվի, բայց ասենք՝ խորովածի հավաքվելու ժամանակ մի բան նվագենք ու այնպիսի երգ լինի, որն արդեն լսել եք որպես սինգլ կամ ալբոմում։
Թեման եզրափակվեց Որդան կարմիրի տղաների ամենասիրած խմբերով, որոնք են՝ System of a Down, Korn, Tool, Deftones, Metallica, Led Zeppelin, Black Sabbath․․․
— Ձեզանից ո՞վ է ամենաշատ երգերը գրում տեքստը, ով՝ երաժշտությունը։
Պայքար — Տրամաբանությունը թելադրում է այնպես, որ վոկալիստն է հետևում տեքստերին, քանի որ ինքն է խմբի դեմքը, երբ խոսում է բեմից և պատասխանատվություն է կրում ամեն ասածի համար։ Ամենալավը վոկալիստը կարող է տեքստեր գրել, որովհետև, երբ տեսնեն՝ վոկալիստը մի քիչ կեղծ է կատարում, ապա մի բան այն չէ տեքստի մեջ կամ վստահ չէ կամ էլ ինքը չի գրել։ Ամեն ինչ գալիս է անկեղծությունից և սահմանափակվում նրանով, որ մեղեդին ստեղծվում է նվագողի կողմից, որը գրկում է տեքստն ու հավաստիացնում, որ նրանք ապրում են այն ինչ երգում են։ Անհանգստության մասին երգելիս երաժիշտը նույնպես պետք է դա ցույց տա։
Վահան — Իմ գրած տեքստերը միշտ խմբագրում ենք տղաների հետ թե՛ մտքի տեսանկյունից, թե ինչ-որ բառ ընտրելու։
— Տարաձայնություններ լինու՞մ են։
Պայքար — Կոմպրոմիսից մինչև կռիվ կարող է լինել։ Լինում է, որ ոչ մի բանում չենք համաձայնում։
— Խոսք գնաց ռոքի շուկայի թերզարգացած լինելու մասին․ կուզենա՞յիք ռոքը դառնար մեյնստրիմ։
Պայքար — Իհարկե, շատ հաճելի կլիներ, որ ռադիոն միացնելիս ռոք լսեիր, այլ ոչ թե ականջակալներով։ Եթե 2004-2005 թվականներին խմբերի մասին շատ քիչ գիտեին, ապա այսօր համացանցը թույ է տալիս ճանաչել։
Վահան — Ես կուզեի ոչ թե մեյնստրիմ, այլ արևմուտքի պես իր ուրույն տեղն ունենա։
— Ի՞նչ է պետք Հայաստանում երաժշտաշուկա ստեղծելու համար։
Վահան — Շատ մարդ։
— Իսկ մարդ-ստեղծագործող, թե՞ մարդ-ունկնդիր։
Վահան — Երբ շատ մարդ լինի, արդեն կշատանան և՛ լսողները, և՛ ստեղծագործողները։ Եթե երեք միլիոն ենք և համարում ենք, որ շուկան վատ վիճակում է, ապա ինը միլիոնը բավական կլինի։
— Ի՞նչ վիճակում է հայկական ռոքը և ուր է գնում։
Վահան — Որակը շատ է բարձրացել, տեխնիկապես զարգացել է; Բոլորը մեր ընկերներն են, ընտիր երաժշտություն է, բայց եթե շուկան չլինի, ապա չգիտենք ինչ է լինելու։ Մտածողութամբ, կատարողականությամբ շատ լավ է, բայց սպառողի տեսանկյունից՝ ոչ։ Ինչ Youtube-ը սկսեց շատ օգտագործվել, համերգներին գնացող մարդիկ նույնպես պակասել են։ Իսկ 90-ականների վերջում մեզ համար համերգ գնալը մե՜ծ բան էր։ Համացանցը շատ լավ գործիք է գովազդի համար, բայց նաև կենդանի էներգիա է խլում։
Պայքար – Կան չէ տաս տարվա տարբերությամբ նկարներ, երբ մարդիկ առաջ ձեռքերը բռունցքներ արած վայելում էին երաժշտությունը, իսկ այսօր հեռախոսով նկարում են։
— Ձեր հանդիսատեսը նո՞ւյնպես այդպիսին է։
Պայքար — Բեմից չենք նկատել, ոնց որ թե էկրանների մեջ մտած չեն։
— Ո՞ւր է շարժվում Որդան Կարմիրը։
Վահան — Կփոխվի ճաշակ, մոտեցում, կատարողականոթյուն և այդպես մինչև կյանքի վերջ անընդհատ փոփոխվելու է։ Այսօր Որդան Կարմիրը այնպիսին չէ, ինչպիսին հինգ տարի առաջ էր։ Այս պահին մենք ուզում ենք կտրվել սոցիալ-քաղաքական թեմայից, հանգիստ զգալ ու ավելի զգացմունքային բաներ ստեղծագործել։ Ավելի պրոֆեսիոնալ ենք դառնում, ավելի լավ ենք սկսում հասկանալ մեր անելիքները, կարճ ասած՝ գնում ենք դեպի մեր պայծառ ապագան։
— Ի՞նչ կասեք նոր երգի և տեսահոլովակի մասին։
Վահան — Այն արդեն այս ամիս (մարտի մեջ) պատրաստ կլինի։ Երգը կոչվում է «Համբույրներ»։ Շատ էքսպերիմենտալ գործ է, որտեղ փորձել ենք տալ նուրբ ու գեղեցիկ զգացողությունները, որ մարդ ունենում է սիրահարված վիճակում։ Սպասվում է շատ գեղեցիկ տեսահոլովակ, որի պրեմիերայից հետո կունենանք համերգներ։
Մենտակատարը ևս մի կարևոր բան նշեց․ նրանք մարտի 22-ին հրավիրված են մասնակցելու Տաշքենդում կայանալիք ամենամյա ռոք փառատոնին։
Խումբը մինչ այժմ նվագել է Վրաստանում, Ռուսատանում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայի երեք քաղաքներում, Միացյալ Նահանգներում։
Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը