Երգազրույց | Կավիճը հավաքական կերպար է

Written by on 31st March 2019

«Երգազրույց»-ի այս անգամվա հյուրին գիտեն հիմնականում երիտասարդները։ Նա մուլտիինստրումենտալիստ է՝ տիրապետում է կիթառների, դաշնամուրի, հարվածային գործիքների, էլեկտրոնային երաժշտական ծրագրերի։ Նա Կավիճն է, իրական կյանքում՝ Վաչե Ղարիբյանը։ Նախագծի շրջանակներում երաժիշտը սկսած 2014 թվականից թողարկել է թվով 6 ալբոմ, առջևում նորն է, իսկ մեր ուշադրության կենտրոնում՝ Կավիճի մասին նոր ու անհայտ տեղեկությունների բացահայտումը։

— Կավիճը մաքրելուց հետք չի թողնում, իրենով կարելի է պաշտպանվել վամպիրներից, եթե մրջյունների կողքերը կավիճով ընդգծենք, իրենք միջից դուրս չեն գա։ Իսկ դուք ինչպե՞ս դարձաք երգող ու նվագող կավիճը։

— Տրանսլիտով Վաչիկ գրեցի (Vachik), ընկերներիցս մեկն էլ մի օր զանգեց Ռուսաստանից և ասեց՝ դու Կավիճն ես։ Չխորացա ու առանց մտածելու այդպես էլ թողեցի, ինքը ոչ բարի է, ոչ չար, սազում է։ Իմ ոճն էլ է այդպիսին՝ այստեղից, այնտեղից, շատ բացասական թեմաները ծածկվում են դրականներով։

Շատ ժամանակ կողքի մարդիկ և երկրպագուներն իրենք են ավելի խորը բացատրություններ հորինում ոչ միայն անվան հետ կապված, այլ հատկապես երգերի։

— Երբվանի՞ց եք երաժշտությամբ զբաղվում։

— Նվագել սկսել եմ 2004 թվականից, երբ Մոսկվայից նոր էինք տեղափոխվել Երևան։ 2000-ականների սկզբներին պայքար էր ռեփերների և ռոքերների միջև, իսկ ես էլ մեծացել եմ նրանց շրջապատում և դեռ այն ժամանակվանից մեջտեղները գցած էի՝ փանկի ճտքավոր կոշիկներով և ռեփերի լայն տաբատով։ Ավելի շուտ սկսել եմ երգ գրել, քան նվագել, ճիշտ է դեբիլ տեքստեր էին, բայց շատ բան չի էլ փոխվել։

— Արդյո՞ք երաժշտական գործունեությունը Ձեր հիմնական աշխատանքն է։

—Ես այն գործ չեմ համարում։ Գիտեմ՝ ինչպես անել, որ ավելի հայտնի դառնամ, ավելի շատ գումար աշխատեմ, բայց չեմ ուզում, քանի որ գիտակցում են, որ կդառնա ծառայություն երկրպագուների համար։ Չեմ ուզում այս մաքուր նախագիծը փչանա։ Չնայած այստեղ ինձանից շատ քիչ բան կա․ հորինել եմ կերպար, որի մեջ կա նախագիծը սիրող մարդկանց հատկություններն ու երգում եմ նրանց անունից։

Վաչեն զբաղվում է մշակութագործարանային կենտրոնի (չենք նշում) միջոցառումների տեխնիկական մասով։ Հոբբիներից առանձնացրեց կոմիքսներ կարդալն ու շեշտեց ֆիլմեր չսիրելը։ Սիրած սուպերհերոսը՝ Marvel-ի Ալ սարդը (Scarlet Spider)։

— Երգ գրելիս ինչի մասին եք մտածում կամ պատկերացնում։

— Դեպքեր են լինում, որ գրելուց չեմ էլ մտածում, շատ ժամանակ ցանկացել եմ ստեղծել վիճակ, որտեղ կան անցակետեր և այստեղից այնտեղ եմ շպրտում ու չեմ բացահայտում այդ ամենը։ Կավիճ լսող մարդիկ լսող ու խորացող մարդիկ են, իրենց մոտ ստացվում է բացատրել։

— Հայաստանի մասշտաբով ունեք երկրպագուների և լսողների մեծ բանակ, ունեք իրենց հետ ուղիղ կապ սոց ցանցերում։ Ի՞նչ եք կարծում, եթե իրենք չլինեին, կշարունակե՞իք նույն ակտիվությունը։

— Նախագիծն այդքան երկար չէր տևի, չէի շարունակի, չնայած փակելու միտք չի եղել։ Այն կա, քանի որ կա դրա կարիքը։ Միշտ կան մարդիկ, ովքեր գալիս ու գրկում, ասում են՝ ինչ լավ է դու կաս։ Օրինակ՝ ես չեմ կարծում, որ իմ երգերը դեպրեսիվ են, չնայած ինքս իմ երգերը լսում եմ միայն համերգներից առաջ, վերհիշելու համար։

— Եբևէ մոռացե՞լ եք երգերի բառերը։

— Միշտ։ Կյանքում չեմ հիշում, որովհետև ոչինչ չի ստիպում շատ լսել, հետո կոկորդի սպազմեր եմ ունենում, դրա պատճառով շատ չեմ երգում։

— Ե՞րբ է եղել Կավիճի գործունեության ամենաբարձր ու ամենացածր կետը։

— Երկուսն էլ եղել են առաջին երկու տարիներում։ Սկզբում շատ լավ գնաց, հետո ավելի սովորական դարձավ, իսկ հետո առաջին վճարովի համերգը մեծ ձախողում գրանցեց։ Բայց դրանից հետո շատ լավ համերգներ են եղել, ամեն ինչ լավ է։

— Փորձե՞լ եք փոխել թեմատիկան, անել լրիվ հակառակ բաներ։

— Արել եմ թե՛ նախկինում, թե՛ հիմա։ Ունեցել եմ էքսպերիմենտալ «Վատ չէ» նախագիծ, բայց երբ հագեցա դրանից, ինքս ինձ հարցրի՝ կարող ես այնպիսի բան անել, որ բոլորին հասանելի լինի։ Ազատություն ունեցել եմ և դրա մեջ ոչ մի լավ բան չկա։

— Կավիճի ետևում կարծես մի ամբողջ թիմ աշխատի, արդյո՞ք գոնե մի օգնող չկա թեկուզ ալբոմների ու սինգլների շապիկները սարքելիս։

— Իրենց պատրաստողն իմ ապագա կինն է, ով շապիկները սարքել է երրորդ ալբոմից սկսած («Կետ»-ից)։

— Այդքան հաճախ եք նոր երգեր թողարկում, պատահու՞մ է, որ նորի հետ հինը սկսի ավելի քիչ դուր գալ։

— Հենց թողարկելուց հետո դուրս չի գալիս։ Իսկ համերգներին ալկոհոլն է օգնում երգել։ Ես մարդաշատ տեղերից ֆոբիա ունեմ, երգերս չսիրելն ու կոկորդի սպազմերս էլ գումարվում են։

— Համագործակցություններ եղե՞լ են, կլինե՞ն։

— Չեն եղել, բայց մեկը պիտի լիներ վերջին երկու տարում, չի ստացվել։ Մի շատ աբստրակտ դուետ էի ուզում ռեփեր Միշոյի հետ, երկուսս էլ հավանում ենք միմյանց գործերը, բայց համագործակցել չի ստացվում, ընդհանոր գիծը չենք գտնում, կարող է կյանքում չստացվի էլ։ Ավելուկի հետ էի ուզում համագործակցել, երկուսիս էլ հարմար չեղավ։

— Եթե ընտրության առաջ կանգնեիք՝ երգել կամ նվագել, ո՞րը կընտրեիք։

— Միանշանակ նվագելը։ Ես ընդհանրապես լավ երգիչ կամ կատարող չեմ, ես սիրում եմ ստեղծագործել, նստել, փակվել, գրել, փորձարկումներ անել, երբեք չեմ էլ կարողացել վոկալ պարապել, չի հետաքրքրել։

Վերջերս թողարկված «Անքնություն» սինգլը գրվել էր երկու տարի առաջ և ասած Վաչեի՝ ինչ-որ բան այն չէր։ Անցյալ շաբաթ լրիվ ուրիշ բան արեց․ այն նախկինում լրիվ  էլեկրոնային էր, իսկ այժմ՝ ակուստիկ կիթառով։ Այն թողարկված ութսուներորդ երգն է։ Ուշադրություն դարձնենք թողարկված բառին, քանի որ ըստ երգչի՝ կա ավելի քան հարյուր գրված ու չթողարկված ստեղծագործություն։

— Իսկ ի՞նչ եք լսում։

— Թաթայից մինչև դեթքոր, ընդհանրապես ոչ մի սահման չկա։ Հայկական ռեփ էլ եմ լսում, բրազիլական փանք-ռոք, կարևորը՝ նորություն ու հետաքրքիր թեմա լինի։ Չեմ սիրում միայն ոչ մի ազգի ժողովրդական երգեր, այն լավ է մատուցվում, բայց նոր չէ։

— Ինչպե՞ս եք պատկերացնում Կավիճի ապագան։

— Չեմ պատկերացնում։ Նախկինում էլ ոչինչ չեմ պատկերացրել, չեմ ունեցել ակնակլիքներ ու սպասումներ։ Նույնիսկ ֆեյսբուքում համերգներիս չեմ հրավիրում, ընկերներս էլ բողոքում են։ Կավիճն իր իներցիայով գնում է։ Տարբեր նախագծեր կան, բայց դեռ չեմ թողարկել, դրանք բոլորն էքսպերիմենտներ են։

— Խի ա կյանքը երեք ոտանի աթոռ։

— Որովհետև նստում ու անըդհատ ընկնում ես, անհարմարության մեջ նստած ես։ Հենց կոմֆորտի մեջ ես, մի բան պետք ա պատահի։ Ես միշտ մի բանի սպասում եմ, և դրա համար ինքը երեք ոտանի աթոռ ա։ Միշտ ինչ-որ բան պիտի անես, մի գործ կա, մեկը պիտի զանգի և դու փշերի վրա նստած ես։

 

Երգազրուցեց՝ Քրիստիան Գինոսյանը


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background