Երգազրույց | Տիեզերք բենդ
Written by Ռադիո Հայ on 25th April 2019
Իրենց ալտերնատիվ-ֆոլք ոճով երաժշտասերների սրտերը գրաված Տիեզերք բենդը «Երգազույց»-ի հերթական հյուրն է։ Խմբի անդամները երեքն են՝ Լուսինե Գալստյանը, Էլիզա Բաղդիյանը և Աստղիկ Մամիկոնյանը, ովքեր միաժամանակ տիրապետելով մի քանի երաժշտական գործիքների, նաև երգում են։ Արդեն երկու տարի է, ինչ ժողովրդական քավրներով հայտնի այս խումբն ավելի շատ է աշխատում հեղինակային կատարումների վրա։ Ամեն ինչի մասին առավել մանրամասն կիմանաք զրույցի ընթացքում։
Խոսակցությունը սկսեցինք արդեն իսկ ավանդական ու պարտադիր դարձած հարցով․
— Ո՞րնէ Տիեզերքի նպատակը։
Լուսինե — Նվագել երաժշտություն, որն առաջին հերթին մեզ դուր կգա, նվագել լիքը համերգներ, բեմում լինել անկեղծ։
Աստղիկ — Խմբի նպատակը ձևավորվել է ընթացքում, բայց Տիեզերքը միայն մեր երգած երգերն ու կատարած ելույթները չեն․ իրականում մենք ընկել ենք մի մեխանիզմի մեջ, որը կոչվում է արվեստագետ լինել։ Մենք փորձում ենք լինել լավ ու ճիշտ մարդ, որն արտահայտվում է նաև երգերի մեջ։ Երբ դու դնում, մաքրում ես քո երգը, ձևավորվում է բնավորություն, դու նկատում ես ամեն մի մանրուք, փորձում ես ամեն ինչ անկեղծ անել։ Տիեզերքի ասելիքը հենց դա է՝ ճիշտ ապրել օրդ։
Լուսինե – Ճիշտը մեր իմացած կապարը չէ, դա այն է, որ դու ինքդ քո հետ պիտի լինես անկեղծ, անես այն, ինչ ուզում ես։
Էլիզա – Եվ ամենակարևորը՝ անես դա սիրով։ Տիեզերքի նպատակը զգալն ու ապրելն է։
Խումբը ձևավորվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ շաբաթը մեկ անցկացվում էր երաժշտական լաբորատորիա ընտրովի առարկան։ Կազմավորումը ստացվել է մի շարք պատահականությունների շնորհիվ, որոնց արդյունքում նրանք սկսել են ստեղծագործել։ Անդամներին միացնում էր միայն ազգային երգը:
Լուսինե – Մենք սկսեցինք երաժշտական մշակումներով։ Չնայած շատ տարբեր են մեր ճաշակները, ինչը շատ լավ է, մեզ մոտ նույնն է այն սերը, որն ուղղված է դեպի աշխարհն ու մեր գործունեությունը։
— Ի՞նչ է տվել երաժշտական լաբորատորիա առարկան։
Լուսինե – Լաբորատորիան մեզ իրար է տվել։ Ավելի շատ բան մեզ տվել է կրթահամալիրը․ նոր ձևավորվելիս տվել է բեմ ու պահանջել նոր կատարումներ, ասելով՝ ինչ լավ եք նվագում, էլի մի բան կանեք։ Սկզբի համար շատ կարևոր է այդ հարթակն ու հանդիսատեսը։ Կրթահամալիրն ավարտելուց հետո այս նույն փորձատարածքն ու բեմը տվեց նաև «Միհր» թատրոնը։ Բախտավոր մարդիկ ենք։
Դպրոցում երաժշտական կրթություն ստանալու կարևորության, հնարավորության և Հայաստանում դրա բացակայության մասին նրանք ասացին․
Էլիզա — Մեր հաճախելու տարում լաբորատորիան նոր էր զբաղվել, և ոչինչ հստակ չէր, այժմ ամեն ինչ ավելի դյուրին է, հաճախում են ամենատարբեր տարիքային խմբերի աշակերտները, ովքեր ազատ զբաղվում են արվեստով, ոչ միայն երաժշտությամբ։
Լուսինե — Կրթահամալիրը մեզ այդ արվեստի դասերով տվել է նաև այն, որ մենք չենք վախենում մեր մշակույթից։ Մեզ համար շատ տարօրինակ է, երբ պատանիները վախենում կամ ամաչում են երգել, լսել, պարել իրենց ազգայինով։ Մենք ժողովուրդ ենք, ոնց եղել ենք հարյուր տարի առաջ, և նա կարող է դա երգել կամ նվագել ինչպես ուզի, որովհետև դա իրենն է։ Մեր այդ սկզբունքը սկզբում չենք նկատել, որովհետև նման խնդիր չենք ունեցել։ Մեր արածները մարդիկ անվանում են մշակում, բայց դա մշակում չէ, մենք մեր ժողովրդի երգն ենք երգում, ինչը շատ անհրաժեշտ է ցանկացած մարդուն՝ փոքր հասակից։ Դա չպետք է անգիր սովորել, այլ անցկացնել․․․
Էլիզա — ․․․ և սեփականը դարձնել ․․․
Աստղիկ — ․․․ չվերաբերվել դրանց որպես դասական կամ հեռու ինչ-որ բանի, որին կպնելու իրավունք չկա։ Դա պիտի լինի քոնը, այն հենց դրա համար է։
— Երաժշտությունից զատ ինչո՞վ է զբաղվում Ձեզանից յուրաքանչյուրը։
Աստղիկ — Երաժշտությունից զատ ես զբաղվում եմ երաժշտությամբ։ Սովորում եմ Կոնսերվատորիայի ջութակի բաժնի առաջին կուրսում, մինչ այդ սովորել եմ դասական երաժշտության դպրոցում։ Տիեզերքը ինձ փրկել է այն առումով, որ ես չեմ դարձել սենյակում պարապող ու չշփվող, կյանքից հեռու մարդը։ Տիեզերքն ինձ բերել է այնտեղ, որտեղ սովորածդ հիմքի վրա անում ես փորձեր՝ քո միջինը ցույց տալու համար։
Էլիզա — Փոքր տարիքից երգել եմ խմբակներում, դասական դպրոցում գնացել եմ կիթառի, բայց հետո շարունակել եմ սիրողական՝ տանը երգելով ու ու նվագելով։ Այս տարի ավարտում եմ համալսարանի դիզայնի բաժինը, իսկ Տիեզերքը հետ է բերել երաժշտությամբ կրկին զբաղվելուն, հասկացել եմ՝ կյանքիս ամենաճիշտ որոշումներից է եղել։
Լուսինե – Ես Կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժնի երկրորդ կուրսում եմ։ Համաձայնելով Աստայի (Աստղիկի) ամեն ասածի հետ՝ կասեմ, որ տիեզերքն ինձ տվել է ավելի լավ դասական նվագելու հնարավորություն։ Տիեզերքը ձևավորվելիս մենք եղել ենք 15-16 տարեկան, իսկ հիմա Էլիզը 21 է, մենք 20 ենք դառնում։ Կարելի է ասել՝ մարդու ձևավորման մեջ ամենակարևոր փուլերից մեկն է, ու Տիեզերքը մեզ Մեզ է դարձրել։ Իր շնորհիվ ես դասական երաժշտության մեջ անվախ եմ, նայում եմ այն ֆիլմերն ու նկարում այն ֆոտոները, որոնք հիմա իմ մի մասն են։ Չգիտեմ՝ մենք ոնց ենք արժանացել այսպիսի երջանկության, քանի որ, նվագել քո հոգու երաժշտությունն ու երգել քո բառերով, կարծում եմ, դրանից լավ բան երեքս չենք պատկերացնում։
— Ի՞նչ հաճախականությամբ եք փորձեր անում։
Աստղիկ — Մենք մի ժամանակ փորձեցինք փորձերի օր նշանակել, բայց դա չաշխատեց, քանի որ ամեն ինչ շատ խառն է, միշտ դնում ենք հաջորդ օրվա վրա։
Լուսինե — Ամենաքիչը երեք փորձ ենք ունենում շաբաթական՝ ազատ ժամանակ ունենալիս։ Հիմա մենք ձայնասկավառակ ենք ձայնագրում, և դրա շնորհիվ փորձն ամեն օր է։ Շատ հաճախ փորձերը լինում են առավոտյան։
Էլիզա — Դա ամենահավես բանն է, ասենք՝ առավոտյան ութին փորձ անելը։ Երբ օրդ սկսում է Տիեզերքի հետ, ահավոր լավ տրամադրությամբ և օրը մի տեսակ, երկարում է։
Աստղիկն ու Լուսինեն իրար լրացնելով հավելեցին նաև, որ առավոտյան փորձերից հետո ամբողջ օրվա ընթացքում էլ խրոխտ ու բարձր ձայնով են խոսում։
Զրույցն ունեցավ երաժշտական դադար․ Տիեզերքը կատարեց «Մեգ» ստեղծագործությունը։
Տիեզերք band — Մեգ (live from RadioHaynetwork)
Տիեզերք band / Tiezerk Band-ն իր սիրո՜ւն կատարումն է նվիրում բոլորիդ։Խմբի մասին շատ բաներ կիմանաք մոտ օրերս հրապարակվելիք հարցազրույցում։#Տիեզերք #live #RadioHaynetwork
Posted by Radio Hay network Ռադիո Հայ ցանց on Tuesday, April 16, 2019
— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին, արդյո՞ք դրանք ինչ-որ դեր խաղում են։
Աստղիկ — Հիմնականում ինչ-որ խորհուրդներ են։
Լուսինե — Սուր բաներ չեն եղել, որ ասեն․ «վա՜յ, էս ինչ եք արել»։ Վերջին տարիներին աշխատել ենք Լավ Էլիի Մհերի և Բամբիռի Նարեկի հետ, և կարող եմ նրանց նշել որպես ավագ ընկերներ, ովքեր մինչ համերգների սկսելը, փորձերին երգը լսելիս երկրորդ կամ երրորդ կարծիքներ են ասել։ Առաջին կարծիքը միշտ «Միհր» թատրոնինն է, երկրորդը՝ մեր մենեջեր Ցոլակինը, հետո՝ Մհերինն ու Նարեկինը։
Աղջիկներին հաճախ են ասում՝ ապրեք, շարունակեք, ինչն էլ իրենց համար ամենամեծ խորհուրդն ու քննադատությունն է միաժամանակ, քանի որ շատ խմբեր գործում են մեկ կամ կես տարի, կամ որոշ ժամանակ անց լրիվ փոխվում է կազմը։
— Ի՞նչն է ոգեշնչում Տիեզերքին։
Լուսինե – Սկսած ամեն մեկիս անձնական կյանքից, կարդացած գրքից և ամեն մի պահից, որը մենք ապրում ենք միասին։ Ոգեշնչելը շատ հետաքրքիր բան է, երբեք չես կարող ասել՝ ինչն է քեզ ոգեշնչում։
Խմբի առաջին ստուդիական ալբոմը սպասվում է այս տարվա հունիսին, որում ներառված են տասը հեղինակային երգեր։
Լոսւինե — Թեև մեր ձայնային ռեժիսորը չի պատկերացնում, թե ինչպես է հասցնելու, բայց մենք հունիսին ենք ուզում։ Ալբոմում մենք ենք՝ մեր առաջին հեղինակային երգերից մինչև վերջինը։ Մեր զարգացումն ու կայացումն է։
Աստղիկ — Ալբոմում տեղ չեն գտել այն երգերը, որոնք դեռ փոփոխում ենք և համերգներին տարբեր ձևերով ենք երգում։ Տեղ գտած երգերը եփված են և ունեն իրենց ձևը՝ ապրում են։
Ալբոմը կունենա շնորհանդես: Նրանք չեն ընտրել պրոմո-արշավի ճանապարհը, նրանք մշտապես ելույթներ են ունենում Հայաստանի բոլոր քաղաքներում, տարբեր գյուղերում, այդ թվում նաև սահմանամերձ և իրենց գումարը ներդնում են նոր, էլ ավելի լավ տեխնիկա և երաժշտական գործիքներ ձեռք բերելու մեջ։ Շրջագայություններ են եղել ԱՄՆ-ում, Լեհաստանում և Վրաստանում։
Երկար սպասված նորությունը, որով նրանց ցանկանում էին կիսվել, դա կրկին հունիս ամսին կայանալիք շրջագայությունն է Շվեյցարիայում։
— Ե՞րբ գաթայի մեջ խորիզ կլինի։
Լուսինե — «Ափ» երգի մեջ, երբ մենք ասում ենք մեր դժգոհությունները, դա ավելի շատ էն մասին ա, որ էդ ամենը լինելու ա։
Աստղիկ — Երբ տեսնում ես, որ կան բացեր, որոնք պետք ա լրացնել։ Բայց դու դրանց դեմ ոչ թե միայն բողոքում ես, այլ փորձում ես պայքարել քո միջոցներից ելնելով։
Լուսինե — Բացերը տեսնելով՝ չմոռանաս նկատես էն ամենն, ինչը լավ ա։ Շատ են մարդիկ կենտրոնանում բացերի վրա, չգնահատելով էն ինչ կա։
Աստղիկ – Գաթան կա, մենակ խորիզը չկա։
Երգազրուցեց՝ Քրիստիան Գինոսյանը