Երգազրույց | Լուսինե Մարդանյան

Written by on 19th May 2019

«Երգազրույց»-ի հերթական հյուրի անունը շատերին կարող է անծանոթ լինել, բայց եթե հիշատակենք «Դեպի Եվրատեսիլի» դանդաղ ու մելանխոլիկ երգը, հաստատ մի բան կհիշեք։ Այդ երգի հեղինակն ու կատարողը Լուսինե Մարդանյանն է, ով գտնվում է իր երաժշտական գործունեության սկզբնական փուլում։

— Ո՞վ է Լուսինե Մարդանյանը։
— Ես սովորում եմ ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ Ամեն անգամ դրա մասին իմանալիս մարդիկ զարմանում են, իմանալով, թե ինչպես եմ երգում։ Երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն չունեմ, մասնակցել եմ դասընթացների, բայց ծրագրավորող եմ դառնալու․․․

— Ի՞նչով է պայմանավորված երաժշտությամբ զբաղվելը։
— Երաժշտության հանդեպ սերը սկսվեց Թումոյում։ Այդ ժամանակ ես շատ ամաչկոտ էի, երգում էի միայն ինձ համար ու մեկ-մեկ կարող էր պատահել քրոջս մոտ։ Թումոյի ազատությունն ինձ շատ բան տվեց, երգեցի շատերի առաջ, ստեղծեցինք խումբ։ Երգել եմ փոքրուց, բայց երբ հասկացա, որ միայն երգելը բավարար չէ, չորս-հինգ տարի առաջ սովորեցի նաև կիթառ նվագել։

— Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք «Դեպի Եվրատեսիլին», ի՞նչ էիք սպասում, ի՞նչ ստացաք։
— Թամար Կապրելյանը պետք է մասնակցեր այդ նախագծին, իսկ մենք էլ նրա կողքին պիտի լինեինք ու աջակցեինք։ Մի օր զանգեց ու ասաց՝ «ինչո՞ւ մենակ ես մասնակցեմ, արի դու էլ մասնակցի ու մեր թիմից ևս մեկը կլինի»։ Ես առաջին անգամ մասնակցելու էի մի ծրագրի, որտեղ միշտ լինում են տեսախցիկների առաջ, իսկ երկրորդ վատ բանը ուղիղ եթերն էր։ Վախը շատ էր, բայց առաջարկն էլ էր շատ լավը։ Ես ունեի անգլերենով գրած մի երգ, որով էլ դիմեցի:

Սպասելիքս իհարկե հաղթանակը չէր, բայց դա շատ լավ հնարավորություն էր իմ երգը տարածելու համար։ Մարդիկ ինձ ինչ-որ չափով ճանաչեցին ու լսեցին։ Ճանաչում ձեռք բերելուց բացի՝ նաև փորձ է տվել և որևէ նոր բանի մասնակցելիս հասկանում եմ, որ դրանից դժվար ոչինչ չի եղել։

— Ինչպե՞ս եք համատեղում ծրագրավորումն ու երաժշտությունը և ինչպե՞ս եք պահպանում Ձեր երաժշտության փափկությունն ու մեղեդայնությունը։
— Համատեղելն իհարկե դժվար է, որովհետև իրենք շատ տարբեր են։ Ես իրենց չեմ խառնում և մեկն ավարտելուն պես անցնում են մյուսին։ Օրինակ՝ գրում եմ կոդ, հետո գրում երգ և այսպես շարունակ։ Առանց երգի ես չեմ կարող կոդ գրել, այն ինձ ուժ է տալիս։

— Ի՞նչ երաժշտություն եք լսում։
— Լսում եմ ամեն ինչ, բայց ամենաքիչը ջազն եմ ուսումնասիրել, քանի որ կարծում եմ՝ այն լիովին այլ մակարդակ է։ Հիմա ես ամենաշատը լսում եմ ինդի, ռոք, փոփ։ Վերջերս շատ եմ լսում Ջոն Մեյեր։

— Ինչպե՞ս եք ընտրում քավրները։ Դրանք պետք է լինեն փլեյլիստի՞ց․․․
— Փլեյլիստը լրիվ ուրիշ է, ընդհանրապես կապ չունի։ Ես ընտրում եմ երգեր, որոնք զգում եմ։ Օրեր առաջ Գարիկ Պապոյանի հին երգերից մեկն էի տեղադրել, և այն շա՜տ էր դուրս եկել։

— Քանի՞ երգ ունեք, որքա՞ն եք աշխատում դրանց քանակի վրա։
Մոտավորապես տասը երգ ունեմ, որոնցից մոտ ութն եմ վերջացրել։ Որոշել եմ քիչ-քիչ ձայնագրել և հերթով տարածել։

— Ինչպե՞ս է երաժիշտ Լուսինեն տեսնում իր ապագան։
— Շատ դժվար հարց է, քանի որ երաժիշտ Լուսինեն ինքն էլ չգիտի՝ իր ապագան ինչպիսին կլինի․․․ Քանի դեռ կարող եմ, երկուսն էլ անելու եմ, բայց գիտեմ, որ գալու է մի պահ, երբ մեկը տուժելու է, հաստատ։ Ծրագրավորող լինելու եմ, բայց թե երաժշտությունն ինչքան կզարգացնեմ և ուր կտանեմ՝ դեռ չեմ կարող ասել, որովհետև սա շատ դժվար բնագավառ է մանավանդ մեր երկրում։

— Ինքներդ, լինելով նոր սերնդից, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք նոր սերնդին լավ երաժշտություն լսելու համար։
— Չեմ ասում, որ մարդիկ պետք է լսեն հին ժողովրդական երգերը, բայց մենք հիմա ունենք երաժիշտներ, ովքեր գրեթե չփոխելով դրանք՝ մատուցում են նոր ժանրերում, որն ինձ շատ է դուր գալիս։ Երևի մոտ երեք տարի առաջ հիմնականում արտասահմանյան էի լսում և չէի էլ մտածում անգամ, որ կսիրեմ ժողովրդականը, բայց դա ուսումնասիրելուց հետո միայն այդպիսի երգեր եմ լսում։ Այսօրվա հային այդպիսի երգեր են պետք։ Գուսանական ես նույնպես չեմ սիրում, բայց շատ սիրուն ժողովրդական երգեր ունենք, որոնք ցույց են տալիս մեր ով լինելը։

— Ունե՞ք լավ երաժշտության հասկացության չափանիշ։
— Չէ։ Երբեք չի կարելի մարդկանց քննադատել իրենց լսած երաժշտության համար, նույնիսկ այն երգերի, որոնց մասին մտածում ենք։ Ուղղակի պետք է այդ մարդուն ցույց տալ ավելի ճիշտ ու իսկական երաժշտությունը։

— Իսկ ո՞րն է ճիշտ երաժշտությունը։
— Քիչ առաջ ասածս՝ մեր ժողովրդականը։ Չեմ ասում միայն դա լսել, բայց դա լսելով շատ բան կփոխվի։

Հարցազրույցի ընթացքում ստուդիայում ունեցանք երաժշտական դադար, որի ժամանակ Լուսինեն կատարեց շատ հուզիչ մի երգ «Դեռ սպասում են» վերնագրով։

— Երգարվեստը միայն երաժշտությունը չէ, այլև գրելու տաղանդը։ Ինչպե՞ս եք բացահայտել Ձեր այդ կարողությունը։
— Առաջին անգամ Թումոյում Լիլիթ Պիպոյանի դասընթացի ժամանակ եմ երգ գրել։ Նա շատ օգնեց։ Եվրատեսիլին ներկայացրածս երգը գրել եմ ՆՎԱԿ-ի ժամանակ և ինչ-որ չափով պարտադրված։ Պետք էր հաջորդ օրը ինչ-որ բան հանձնեինք, և գիշերը բառեր ու երաժշտություն հորինեցի։ Կես ժամում տուն ու կրկներգ գրեցի։

— Ի՞նչ եք զգում երգ գրելիս։
— Երգերիս մի մասը գրելիս տխուր կամ ներվային վիճակում եմ եղել, ինչպես օրինակ՝ «Դեռ սպասում են»-ը։ Այդ երգը հետաքրքիր նախապատմություն ունի։ Ես մի կազմակերպության հետ մեկնեցի Գյումրի այցելելու տնակներում ապրող մարդանց և կուզեմ, որ շատ մարդիկ այդպիսի այցեր անեն ոչ թե օգնելու համար, այլ իրենք իրենց համար նոր բացահայտումներ անելու։ Ես հասկացա, որ կյանքում շատ ավելի լուրջ բաներ կան քան իմ ամենօրյա խնդիրները։ Մարդկությունը մարդու մեջ ավելի կարևոր է քան որևէ այլ բան։ Այցից հետո ես երեք օր դրա մասին էի մտածում, և այդ թեմայով երգ գրեցի։ Հիշում էի նրանց աչքերը, իրենց հետ խոսել ցանկացող մարդկանց ուղղված հայացքները․․․

— Երգը գրելիս դուք պատկերացնում եք միայն, թե ոնց եք այն երգո՞ւմ, թե՞ ինչպես են նաև մարդիկ այն լսում։
— Չեմ պատկերացնում լսողներին, ուղղակի չեմ հասցնում։ Բայց ինչ-որ բան գրելուց առաջինն ընտանիքիս անդամներն են լսումն և նրանք երբեք չեն ասում, որ շատ լավն է կամ նման բաներ։ Մաման անկեղծ ասում է՝ ինչը լավը չէ, ինչը փոխեմ։

— Ձեր կատարած երգի մեջ ասում եք՝ «երբ կհասկանան․․․», հասկացա՞ն։
— Երգում դիմում եմ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն, որ Հայաստանում, մասնավորապես Գյումրի քաղաքում ունենք այդպիսի խնդիր, որը պետք է հնարավորինս շուտ լուծել։ Չեմ ասում գումար տան, այլ ինչ-որ բան անեն։ Ես նույնպես մեծ գումարներ չեմ տվել, բայց կանգնել եմ իրենց կողքին և աջակցել։ Ես կուզեմ, որ շատ մարդիկ այդպես անեն և վստահ եմ՝ ինչ-որ բան կփոխվի։

 

Եգրազրուցեց Քրիստիան Գինոյսանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background