Երգազրույց | Rosa Jerm

Written by on 23rd March 2019

«Երգազույց»-ը հավատարիմ է մնում «Ռադիո Հայ»-ի քաղաքականությանն ու փորձում է լուսաբանել սկսնակ, ոչ այնքան հայտնի, բայց ուշադրության արժանի արտիստների ու խմբերի։ Այս անգամ մեր հյուրն է երգչուհի Ռոզա Կոստանդյանը, ով ներկայանում է Rosa Jerm անունով։ Մեր ռադիոկայանում հնչում է իր «Singing my heart away» ստեղծագործությունը։

Երգչուհին երաժշտական գործունեություն է ծավալել և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում, ինչն էլ զրույցի հիմնական բաղադրիչն է։

Ռոզան նաև Ջերմ խմբի մեներգչուհին է, ինչի մասին տեղեկություններ կգտնեք հարցազրույցի ամենավերջում։

— Ե՞րբ է եղել Ձեր առաջին համերգը։

— 12 տարեկանում։ Վանաձորում շատ մեծ համերգ էր Շառլ Ազնավուրի անվան պալատում։ Կիթառիս ուսուցչի և տարբեր երաժիշտների հետ քավրներ էինք անում։

— Ովքե՞ր են Ձեր ունկնդիրները։

— Ամենասկզբից եղել են իմ ընկերները, հետո դպրոցիս ընկերները, մեր քաղաքի (Վանաձորի) բնակիչները։ Իմ երգերը սիրո և տխրության մասին են և անկախ տարիքից ու ճաշակից՝ լսում են նրանք, ովքեր զգում են այդ ամենը։

— Երգերը միայն տխուր սիրո մասի՞ն են։

— Ոչ միայն։ Սկզբի շրջանում գրված երգերս ավելի դեպրեսիվ էին, և այդ ժամանակ անգամ չէի էլ մտածում, որ սիրո մասին կգրեմ, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Այժմ երգերիս 90%-ը սիրո մասին է, և գալիս է մի պահ, երբ միայն դրանից ես ոգեշնչվում։

— Ո՞րտեղ եք ավելի հայտնի։

— Մեկ տարի մնալով ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում՝ հայտնություն ձեռք բերեցի հենց այնտեղ։ Դպրոցի երեխաների հետ միասին և միայնակ էլ շատ էի երգում քաղաքում։ Հենց վերադառնալուս օրը, երբ 100 օրինակով ձայնասկավառակ էի թողարկել, նույն օրն էլ ամբողջը վաճառվել էր։

— Ինչպե՞ս էր ստացվել Ձեր ԱՄՆ մեկնելը և այնտեղ երաժշտությամբ զբաղվելը։

— ԱՄՆ մեկնել եմ ուսման նպատակով։ Իմ դպրոցում ունեինք վեց դաս, որոնցից հինգը ես երաժշտական սենյակում էի անցկացնում։ Ունեինք Շոու-երգչախումբ, որտեղ դարձա մենակատար, և ինձ շատ օգնեց իմ ուսուցիչը։ Մինչ այդ ես չեմ համարում, որ լավ եմ երգել, բայց այդ մեկ տարում շատ-շատ աշխատեցինք և ես աճեցի, մասնակցեցի մրցույթների։ Ամեն շաբաթ-կիրակի գնում էինք նահանգի տարբեր քաղաքներում համերգների, որոնցից մի քանիսում հաղթել եմ։

— Փորձե՞լ եք նույն ակտիվությունը ցուցաբերել Հայաստանում։

— Այստեղ նույնպես շատ համերգների և մրցույթների եմ մասնակցել թե՛ դպրոցական, թե՛ քաղաքային, և թե՛ հանրապետական մասշտաբներով։ Միշտ մտածում էի, որ մեծանամ, կմասնակցեմ «Իքս-ֆակտոր»-ին, բայց հիմա այն չկա։

— Իսկ եթե լինի, կմասնակցե՞ք։

— Հիմա նոր մտքեր կան խմբի և անհատական կարիերայի հետ կապված, այդ պատճառով կախված է գրաֆիկից։ Ազատ լինելուց անպայման կմասնակցեմ։

— Դուք գործունեություն եք ծավալել և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում։ Ի՞նչ տարբերություններ և արդյունքներ կան։

— ԱՄՆ-ում կան ավելի շատ հնարավորություններ, արվեստն ավելի շատ է գնահատվում։ Նույնիսկ առանց պրոդյուսերի էլ կարող ես քեզ այնտեղ գտնել որպես երաժիշտ։ Այստեղ այդ ամենը հազար անգամ ավելի դժվար ու դանդաղ է։ Կոպիտ ասած՝ դու դա սովորում ես դպրոցից և այն ավարտելուն պես միանգամից զբաղվում ես այն բանով, ինչով ուզում ես։ Չնայած մեծ մրցակցությանը՝ դաշտ մտնելը հեշտ է և լավը լինելուց հաստատ ինչ-որ բանի կհասնես։ Այստեղ շատ բարդ է երևալ, շատ գումարներ են պահանջվում, ստուդիայում մեկ երգ ձայնագրելը թանկ է, մարդկանց վերաբերմունքը նույնպես այլ է։

— Հայաստանում երբևէ ձայնագրվե՞լ եք։

— Այո, Եղեռնի հարյուրամյակի մասին երգ էի գրել, ձայնագրվել և տեղադրել սոց․ կայքերում, բավական տարածում էր գտել և տասնհինգ տարեկանի համար լավ արդյունք էր։ Բայց հետո ջնջեցի այն YouTube-ից, քանի որ ես շատ ինքնաքննադատ եմ ու մեծանալուս հետ մեկտեղ ավելի քիչ եմ հավանում այն ինչ արել եմ մինչ օրս։ Դա նորմալ է, բոլորի մոտ է այդպես, ուղղակի ես սկիզբն ուզում եմ շատ մաքուր լինի։

Ինչպես և վերևում նշեցինք, Rosa Jerm-ի «13.4» մինի ալբոմում զետեղված հինգ երգերից «Singing my heart away»ը հնչում է «Ռադիո Հայ»-ում։ Ալբոմի մի քանի երգերը հասանելի են YouTube-ում, մյուսները՝ iTunes-ում, Spotify-ում, Pandora-ում և այլ հարթակներում։

— Ինչպե՞ս կարողացաք թողարկել ձեր ալբոմը վերոնշյալ հայտնի հարթակներում։

— Ես դա արել եմ CDBaby ընկերության միջոցով։ Նրանց ուղարկեցի երգերս, կատարեցի համապատասխան վճարումներն ու նրանք ինձ տրամադրեցին թվային տարածում (digital distribution) իրենց հովանավորների մոտ՝ այդ թվում՝ Spotify-ում և iTunes-ում։

— Ի՞նչ արդյունքներ կան սթրիմինգից։

— Որքան էլ որ զարմանալի է, «Տիեզերք» հայալեզու երգն ԱՄՆ-ում ամենաշատն են լսում մյուս անգլալեզու երգերի համեմատ։ Երևի նրանց չի խանգարում լեզուն, չգիտեմ։ Լսում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Գերմանիայում և իհարկե Հայաստանում։

— Շոու-բիզնեսում հայտնվող հյուրաքանչյուր արտիստ ցանկանում է հայտնի դառնալ։ Դուք ե՞րբ եք սկսելու Ձեր մեծ քայլերն անել։

— Ցանկացած համերգ, կապ չունի մեծ, թե փոքր, գովազդ է, բայց շոու-բիզնեսի դաշտ մտնելու համար գումար է հարկավոր և ծանոթություն։ Հիմա ես հասկանում եմ, թե փոքր ժամանակ ինչու հայտնի չէի դառնում, ինչպես նաև հասկանում եմ, որ այժմ ես պատրաստ եմ, կարող եմ որակ տալ։ Բարդ է, ամեն ինչ իմ ուսերին է և չգիտեմ՝ ինչ կլինի։

— Ինչպե՞ս ընկալվեց, երբ իմացաք, որ Ձեր երգը Ռադիո Հայում ակտիվ պտույտի մեջ է։

— Ինձ համար դա շատ-շա՜տ մեծ բան է, որովհետև ուր գնացել եմ, ասել են՝ ձևաչափին չեմ համապատասխանում, այն էլ Հայաստանում։ Ես իրոք չէի մտածում, որ նման բան հնարավոր է և շատ է մոտիվացնում։ Գալիս է մի շրջան, երբ չես ուզում ստեղծագործել, բայց սրա նման մի բան է լինում, ուժ տալիս ու հասկանում ես՝ արժե։

Ջերմ ինդի/ալտերնատիվ ռոք խումբը ձևավորվել է 2017 թվականին Ռոզա Կոստանդյանի և հարվածային գործիքներ նվագող Խաչատուր Մխիթարյանի կողմից։ Ամենասկզբում խումբ կազմելու գաղափար չի եղել, նրանք ուղղակի միասին նվագել ու երգել են, իսկ Ռոզայի ԱՄՆ-ից վերադառնուլուց հետո ձևավորվեց նոր կազմ։ Խմբի մյուս անդամներն են՝ բաս կիթառահար Վահրադ Մելիքջանյանը և կիթառահար Մհեր Հարությունյանը։

Խմբի առաջին ձայնագրությունը, հավանաբար, կլինի այս գարնանը։ Երգի անունն է՝ «Անիրականություն»։

Եգրազրուցեց Քրիստիան Գինոսյանը


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST