Երգազրույց | Արամ MP3
Written by Ռադիո Հայ on 8th May 2019
«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրին ներկայացնելու կարիք հաստատ չկա, նրա բեմական անունը արդեն իսկ հերիք է՝ Արամ MP3։ Մարդ, ով ասոցացվում է երաժշտության ամենատարբեր ժանրերի, հումորի և հեռուստատեսության հետ։ Հենց այս բազմակողմանի զբաղվածության մասին է մեր առաջին հարցը․
— Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, երգում եք, երաժշտություն գրում, հաղորդում վարում ու, բնականաբար, սիրում եք այդ բոլորը։ Սակայն դուք Ձեզ ինչ եք որակում։
— Միանշանակ բժիշկ չեմ որակում ինձ, որովհետև արդեն 2006 թվականից ես չեմ զբաղվել իմ մանսագիտությամբ, զբաղվել եմ նրանով, ինչ տեսնում եք՝ մի քիչ ավելի մեծ, ավելի փոքր։ Բայց ընդհանուր առմամբ այս բնագավառը չգիտեմ ոնց անվանել՝ շոու-բիզնես, էստրադա, հեռուստատեսություն, հումոր․ սիրով եմ եկել և հասկացել, որ այստեղ ավելի շատ անելիք ունեմ։
— Ո՞րն է երաժիշտ Արամ MP3-ի նպատակը։
— Նպատակները տարբեր են, կոնկրետ մեկը չկա։ Ցանկացած երաժշտի համար՝ ստեղծել լավ երաժշտություն, ունենալ մեծ լսարան, համերգներ, բնականաբար, բացի կոմերցիայի հետապնդումից ունենալ ստեղծագործություններ, որոնք կարող են դառնալ մնայուն արժեքներ, որոնք միշտ չեն տրվում։ Հույս ունեմ, որ տարիների ընթացքում ես նույնպես ինձանից հետո մի բան կթողնեմ։
— Վերջին մի քանի տարիներին Դուք զբաղվում եք էլեկտրոնային երաժշտությամբ։ Կա՞ն ժանրային կամ կոնցեպտուալ փոփոխությունների միտումներ։
— Անկեղծ ասած՝ հաջորդ երգն այլ ժանրում կփորձեմ, այս մեկը մի քիչ շատ լայն է և շատ տեղեր ունի աշխատելու։ Նախ այն, որ հայկական իրականության մեջ այս երաժշտությունը շատ քիչ է, և հաճելի է, որ պարել-ուրախանալու ժամանակ հնչում է հենց հայկականը, որը պարտադիր չէ լինի էթնիկ բնույթի, այլ ուղղակի հայերենով էլեկտրոնային երաժշտություն։ Շատ ուրախ եմ, որ կոտրել ենք այդ պատնեշը, ինձ համար դա մեծ ձեռքբերում է։
— Այսինքն սա այն երաժշտությունն է որը Դուք ուզում եք արտադրել, այլ ոչ թե այն, ինչ պետք է։
— Այո, ես ինքս հասկանում եմ, որ կարող է գալ մի տարիք, երբ նման տեմպո-ռիթմիկան չհամապատասխանի արյանս շրջանառության արագությանը, բայց հիմա ժամանակն է և սիրում եմ այդ երաժշտությունը, որը ունի նաև կոմերցիոն տարրեր՝ չփորձելով դարձնել մաքսիմալ անդերգրաունդ, այլ հասանելի բոլորին։
Արամ MP3-ի վերջին՝ «Ալաբալանիցա» երգը թողարկվել է դեպի ամառ գնացող տրամադրություն ստեղծելու և մարդկանց պարեցնելու համար։ Դա և նախորդ թողարկված երգերը սինգլներ են, և ներառված չեն լինելու ալբոմում, քանի որ, ինչպես ասում է երգիչը՝ այս պահին դրա իմաստը չի գտնում։
— Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր ելույթը։
— Շատերը կմտածեն՝ Եվրատեսիլը, բայց չէ։ Իհարկե, դա քիչ պակաս կարևոր չէր, քանի որ մինչ այդ նման մեծ բեմում չէի եղել, բայց բեմելներ կան, որոնք տպավորվել են՝ մարզահամերգային համալիրում իմ համերգը, երբ մարդիկ եկել էին միայն ինձ դիտելու, և ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա էր։ Այն ինձ վրա թողել է մեծ, էյֆորիկ ազդեցություն, ուզում եմ կրկնել և էլ ավելի լավն անել։ Երկրորդ տեղում բնականաբար Եվրատեսիլն է։ Ինչպես նաև առաջին բեմելս է, որի ժամանակ շատ հուզված եմ եղել։
— Նորից կգնայի՞ք Եվրատեսիլ։ Եթե այո, ապա ի՞նչը այլ կերպ կանեիք։
— Կարծում եմ՝ չէի մասնակցի և երկրորդ անգամ չէի անցնի նույն քայլերով։ Կան շատ այլ պոտենցիալով արտիստներ, և լավ կլինի իրենք ներկայանան։ Փոխելու առումով․ երբ գնացել եմ Եվրատեսիլ՝ իմ պատրաստվածությունը այլ է եղել և հետ նայելիս միշտ մտածում եմ թեթև տանելու մասին, բայց այդպես չէ, կա մեծ պատասխանատվություն, քանի որ կամա, թե ակամա շատերը քեզ նայում են որպես երկրի ներկայացուցիչ, և դա շատ մեծ լարվածություն է առաջացնում։ Հիմա կփորձեի չնայել դրան որպես երաժշտակաան մրցույթ։ Բոլոր մասնակիցներին հիմա խորհուրդ եմ տալիս՝ ինչ է պետք անել, որն այդ պահին չես գիտակցում։ Ինչքան էլ ասում եմ, գիտեմ՝ այդպես չեն անելու, որովհետև դա փորձի պակաս է յուրաքանչյուրի մոտ։
— Երգ որը չեք ցանկացել, բայց ստիպված կատարել եք։
— Եղել են դեպքեր, երբ երգել եմ հումորային նախագծի շրջանկներում, բայց ամեն դեպքում եղել են տհաճություններ, որովհետև չկային ժանրային համապատասխանություններ և այլն։ Չնայած ես հաստ գծով ընդգծել էի, որ ես սա անում եմ ուղղակի հումորի համար, բայց միևնույնն է լինում էին տհաճ պահեր։
— Ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակ կամ ոչ այնքան հայտնի արտիստներին, որոնք ուզում են կայանալ շոու-բիզնեսում։
— Ինձ համար երկար ժամանակ է պետք եղել, որպեսզի ես կարողանամ հասկանալ՝ ով եմ ես այս իրականության մեջ։ Ես 2002 թվականից այս բնագավառում եմ, որի մեծ մասը կազմել է իմ երաժշտական գործունեությունը։ Փորձել եմ նմանակել տարբեր երգիչների, ինձ ասում էին, որ դա լավ է ստացվում, որն իր հետ բերեց շատ-շատ խնդիրներ։ Առաջին խնդիրը, որ ես չէի կարողանում գտնել իմ ձայնը։ Դա շատ հետաքրքիր հարց է, և առաջին անգամ ասելիս ժպիտ է առաջանում մարդու դեմքին։ Բայց տարբեր տեմբռերով երգելիս փորձում ես գտնել քոնը՝ փորձելով չնմանակել, կամ չնմանվել այս կամ այն երգչին։ Միևնույնն է, շահեկան է լինում սեփական ձեռագիրը։ Ինչքան էլ լավ երգես Ուիթնի Հյուսթոն, բայց Հյուսթոնը երգել է իր երգերը։
Լինել տարբերվող, ամենակարևորը։ Տեմբռալ տարբերություն, եթե ոչ, գոնե ոճային։ Հայաստանում երաժշտական դաշտն այնքան ազատ է։ Կան կոնկրետ մի քանի ժանրեր, որ յուղոտ են, և կա լուրջ մրցակցություն։ Բայց կան ավելի շատ դաշտեր, որոնք ազատ են կամ աչքի չեն ընկնում։ Բնականաբար, պետք է լինել աշխատասեր, և ներսումդ դաջես՝ եթե մտել ես այս դաշտ, ուրեմն հանգիստ չես ունենա, մինչև վերջ չտաս։ Ինքը շարունակական պրոցես է, միշտ պահանջելու են և պարտավոր ես միշտ ներկայացնել նորը։ Հադիսատեսը թիթեռի կյանքի պես է․ գնահատեց, երկու օրից չկա, և միշտ պիտի լինես պուլսի վրա։ Դրա համար պետք է ուղղակի չքնես։ Շատերն են խորհուդրներ հարցնում, ասում են՝ իմ երեխան շատ լավ է երգում, բայց դա շատ քիչ է, որովհետև այդ երեխան ուղղակի անգյալ է, այդպիսի բառ կա։ Այն ինչ քեզ տրված է ի վերուստ, դա գործի կեսն է, մնացած կեսը դու ես, ու դու ինչպես դու քեզ կկերտես ու քո ուրույն տեղը կգտնես։ 21-րդ դարում տարբերվել մնացածից մի քիչ բարդ է, բայց հնարավոր է։ Դա կարող է լինել էպոտաժ կերպար, ինձ թվում է ժամանակն է, որ Հայաստանում ունենանք նման արտիստներ, ովքեր հիմնականում ամենաադեկվատն են լինում․․․
— Որն է հաջողված թրեքի գաղտնիքը։
— Համաշխարհային ստատիսիկաներով կան շատ հիթմեյքերներ, ովքեր ունեն լավ ականջ և գիտեն՝ ինչ են ստեղծում։ Դա կամ մարդուն տրված է, կամ ոչ։ Տարբեր մեթոդներ կան հասկանալու՝ երգը հիթային է, թե ոչ։ «Not alone» երգը ուղղակի երգ էր, մինչև չգրվեց դրա կրկներգը։ Հիշում եմ, որ ամենասկզբում դեռ առանց բառերի երաժշտությունը լսելով ես փշաքաղվում էի, զգում էի, որ ինչ-որ բան կա երգի մեջ։ Երգը քեզ պիտի դուր գա, դա շատ կարևոր բան է։ Որքան էլ փորձես դիմացինին հրամցնես, բայց եթե երգը քեզ դուր չեկավ, շատ քիչ է հավանականությունը, որ դիմացինին դուրը կգա։ Երգը պիտի ունենա հուզական դաշտ, և այն դառնում է պոպուլյար, երբ ներթափանցում է։ Առաջին դատավորը դու ես։ Ինձ մոտ եղել է, երբ տարբեր մարդկանց կարծիքներ եմ լսել և կատարել առաջարկած փոփոխությունները, արդյունքում ստացվել է եսիմ ինչ, որն ընդհանրապես իմը չէր։ Հասկացա, որ պետք է գցել մի կողմ ու անել այն, ինչ ուզում ես։ Բայց խորհուրդը պետք է և իրականությունից չկտրվելու համար միևնույնն է պետք է կողքի մարդ ունենալ, ով կտա սառը գնահատական։ Շատ նորմալ եմ համարում, երբ գրես որևէ բան և ասեն՝ սա հիմարություն է։ Նա դա ասում է քո մասին լավը մտածելով, այդպիսի մարդիկ էլ են քիչ։ Բավականին բարդ բան է և միանձնյա որոշում չէ հիթ գրելը։ Կա որոշակի մեխանիզմ, բանաձև, ինչպիսի տոնայնություն, ռիթմ, տեմպ, որտեղ լինի կրկներգը, լինի՞ մոդուլյացիա․․․ Դա վաղուց մշակված սիստեմ է, և նորը ներկայացնելն իր բարդություններն է բերում։
— Ինչպե՞ս հասկանալ երբ է հերթը շոուինը, երբ՝ բիզնեսինը։
— Դրանք միշտ իրար զուգահեռ են գնում, նույն առվով հոսում, մի պահ կարող են առանձնանալ, մեկը հաստանա, մյուսը՝ բարակի, բայց իրենք միշտ իրար հետ են, եթե դու չես անում այդ ամենը միայն քեզ համար։ Ի սկզբանե պիտի հասկանաս՝ ինչ ես գրում, ինչ նպատակ ունես, որն է քո լսարանը, ինչպես ես շարունակելու և այլն։ Պետք է բավականին շատ ներդրումներ անել, հույս ունենալով, որ հետ կբերես։
— Այսքան տարիների ընթացքում բազմաթիվ երաժիշտների հետ եք շփվել։ Կա՞ մի այնպիսի բնավորության գիծ, որը բնորոշ է նրանց բոլորին։
— Բնավորության գիծ չէ, բայց բոլորն ուշ են քնում։ Գիշերային մարդիկ են երաժիշտները, և ասում են՝ թարսի պես գիշերն է արթնանում ուղեղի ձախ կիսագունդը, դրա համար մարդիկ ստեղծագործում են գիշերը։ Գիշերով ավելի անկաշկանդ ես ու ազատ։ Բոլոր երաժիշտները մի քիչ այլ են, ունեն իրենց աշխարհը, հետո կապ ունի, թե ինչ երաժշտական գործիք ես նվագում։ Ձայնային հաճախականությունն ու նոտաները առաջացնում են որոշակի շարժուձև։
— Վերջին երաժշտական բացահայտումը, որով կուզենաք կիսվել ընթերցողների հետ։
— Հիմա չէ, մի քանի տարվա, բաց ես ինձ համար բացահայտել էի Ջեյմս Բլեյքին, ով էքսպերիմենտալ երաժշտություն էր անում։ Հիմա ավելի հին բաներ եմ լսում, բլյուզային՝ Էրիկ Քլեփթոն, որը մեկ էլ ուսանողական տարիներին եմ լսել։ Փորձում եմ ամեն ինչ լսել, մելոման եմ, Childish Gambino, Alt J, կան ինովատորներ, որոնք նորություն են բերում և դառնում են ինչ-որ չափով հեղափոխականներ։
— Ինչ ժամանակներ է ապրում հայկական փոփ երաժշտությունը։ Ինչպե՞ս այն կորակեիք։
— Գիտեք, այսպիսի բան կա, կոչվում է խմբային մոտիվացիա, երբ մեկի մոտ մի բան ստացվում է, և բոլորը փորձում են անել դա, որովհետև դա հեշտ ու փոձրված տարբերակ է։ Մարքեթինգի դասերից է հայտնի։ Ոչ մեկը չի ուզում էքսպերիմենտ անել, և դա հասկանալի է, որովհետև մեծ երկիր չենք և չունենք մեծ լսարան։ Կարող ես մեղադրել մարդկանց, բայց տնտեսական մասին նայելով հասկանում ես, որ մարդիկ ուզում են փող աշխատել, անել այն ինչ հասանելի է, մարդկանց ականջին նորմալ է հնչում։ Շատ կուզենայի, որ ունենայինք նորություններ, և ինչ էլ փոխվի, պիտի անի մեր լավ իմաստով սոված երիտասադրությունը, ովքեր ոգեշնված են և չեն դավաճանում իրենց։ Իննուսանականներին ունեցել ենք լավ երգիչներ, բայց երկրի ֆինանսատնտեսական վիճակը բերում է նրան, երբ հասկանում ես, որ քո երաժշտությունն այլևս արդի չէ։ Տխուր է, բայց նորմալ։ Փոքր երկիր ենք, և հազար հոգին ամեն օր չի լսի այդ երաժշտությունը։ Բարդ հարց է, որը չունի միակողմանի պատասխան։ Կա պահանջարկի խնդիր, թե չէ առաջարկ կա։ Այն պահանջը, որ կա քիչ է, իսկ դրա վրա ծախսված ռեսուրսները շատ են, և վերջնահաշվարկում հասկանում ես, որ տակ ես տալիս։ Խնդիրները կարող են կոտրել միայն երիտասարդ տարիքում, երբ գումարը քեզ համար կարևոր չէ։
— Սա տեխնիկական մասով, իսկ մեղեդայի՞ն։
— Հայկական իրականության երաժշտությունը մի ձևի է հնչում, և ես իհարկե կուզեմ, որ այն բազմաժանր լինի։ Շատ-շատ է խոսվել դրա մասին, և ես ինքս ինձ հարցնում եմ՝ այսպես չի եղել, ո՞նց եղավ, պատասխանը չեմ գտնում։ Այնպես է ստացվել, որ երաժշտությունը դաստիարակել է հասարակությանը, հիմա դաստիրաակությունը հասել է նրան, որ նա գիտի՝ ինչ է ուզում։ Ես ոչ մեկի չեմ փնովում, ամեն մեկն աշխատում է իր քրտինքով։ Եթե մարդ հայտնի է ու սիրված, ուրեմն պրոֆեսիոնալ է, ես դրան դեմ չեմ, ցավոտ կողմն այն է, որ միայն այդ երաժշտությունն է հայտնի։ Պետք է շատ աշխատել ու չհանձնվել։
Երգազրուցեց Քրիստիան Գինոսյանը