Հայաստանը մասնակցում է եվրոպական հեղինակավոր ճարտարապետական մրցույթի

Written by on 11th September 2020

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է եվրոպական հեղինակավոր ճարտարապետական մրցույթի

Այս տարի Հայաստանը հրավիրվեց մասնակցելու Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի մրցանակաբաշխությանը, որի հիմնական նպատակն էր ընտրել Հայաստանում վերջին երկու տարիներին կառուցված լավագույն ճարտարապետական գործերը: Դրանք պիտի ընտրվեին Հայաստանի ճարտարապետների պալատի և անկախ էքսպերտների կողմից: Եվրոպական միության որոշմամբ Հայաստանը ներկայացնող անկախ էքսպերտ էր ընտրվել ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Մրցանակաբաշխությանն առաջարկվեց չորս գործ․

Դիլիջանի կենտրոնական դպրոց, Ստորակետ ճարտարապետական ստուդիա

Հեղինակներ՝ Նարբե Բեդրոսյան, Մերուժան Մինասյան, Շանթ Իսանյանս, Դվին Իսանյանս, Աննա Մարգարյան, Անի Պապյան

 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)

Հեղինակ՝ Փոլ Կալուստյան

 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ARCHcoop Architectural Studio

Հեղինակ՝ Գարեգին Եղոյան

 

«Հովեր» բուտիկ-հյուրանոց և ռեստորան, pnstudio.

Հեղինակներ՝ Նանե Բաբախանյան, Տիգրան Փանյան

Մնում է սպասել մրցանակաբաշխության կայացմանը, որը, հավանաբար, տեղի կունենա այս տարվա վերջին, իսկ հաղթողները կհայտարարվեն հաջորդ տարի:

— Այն, որ մեր երիտասարդ ճարտարապետները իրենց իսկ գործերը ներկայացնելու են Բարսելոնայում գտնվող Միս վան դեր Ռոեի կողմից նախագծված տաղավարում, որը հանդիսանում է մոդեռնիզմի սկիզբը հանդիսացող ամենավառ աշխատանքներից մեկը, անկասկած, շատ պատվաբեր է: Այսպիսով մենք սկսում ենք մի նոր մակարդակի բարձրացնել հայկական ճարտարապետությունը, դրանով իսկ ցույց տալով, որ Երևանը ողողած միջին ճարտարապետական գործերից բացի կան շատ լավ, միջազգային մակարդակի աշխատանքներ, – ասաց Անահիտ Թարխանյանը

Հայաստանը մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման առաջին քայլերն անելուց հետո, որի շրջանակներում Հայաստանի դիրքերն ավելի են ընդլայնվում հատկապես մշակութային ոլորտներում:

Թարխանյանը հավելեց նաև, որ ցուցահանդեսին մասնակցությունը ոչ միայն կօգնի ճիշտ ներկայացնել Հայաստանի ճարտարապետությունը, այլ նաև կուղղորդի հայկական ճարտարապետական մտքին ճիշտ զարգանալու հարցում:

«Միս վան դեր Ռոեյի հիմնադրամը» հարթակ է, որի առաքելությունը ճարտարապետության միջոցով ոգեշնչելն է։ Այն խրախուսում և աջակցում է որակյալ ճարտարապետական լուծումներին, որոնք կիսում են Լյուդվիդ վան դեր Ռոեի արժեքները, քաղաքների կատարելագործման հարցում իրենց դերը համարում են կարևոր մարտավարական ներուժ, և կարևորում են բնակիչների կյանքն ու իրենց մշակութային հարստացումը։

«Միս վան դեր Ռոեի մրցանակը» Հիմնադրամի հեղինակավոր նախաձեռնություններից մեկն է, որի շնորհումը մեկնարկել է 1988 թվականից Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Այն թույլ է տալիս մոտիկից ծանոթանալ եվրոպական ճարտարապետության վերջին 32 տարիների զարգացումներին։ Հիմնադրամը զբաղվում է Ժամանակակից ճարտարապետության ժառանգության մշակութային մենեջմենթով՝ ցուցահանդեսների, կոնֆերանսների, սեմինարների, բանավեճերի և հրապարկումների միջոցով։ Այս ամենի արդյունքում ստեղծվել են բազմաթիվ նոր հարթակներ, որոնք նոր հնարավորություններ են են տվել ճարտարապետական աշխարհի անդամներին (հաճախորդներ, ավանդատուներ, կառավարություններ, ինստիտուներ, օգտատերեր և մասնագետներ)։ Մրցույթին մասնակցում են գրեթե բոլոր եվրոպական պետությունները։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background